Պավարոտտին և Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, մականունավորներ կան, որոնց վաստակավորի կոչում են տվել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան

Լուչիանո Պավարոտտին և Մայքլ  Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության համար արժեք։

Այս մասին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քննարկվող  նախագծի մասին, որով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները։

Ալեն Սիմոնյանը բացատրեց, թե Հայաստանում տարիներ շարունակ ինչպես են վաստակավոր արտիստի կոչումներ ստացել։

«Գնացել են մեկի երեխայի հարսանիքին երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի  հատ կազմակերպեք ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Մականունավոր մարդիկ կան, որոնց երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են տվել։ Հիմա այստեղ էլ կա, չեմ ուզում անունը տալ․ իր անունը գրել չգիտի, գիտությունների թեկնածուի կոչում էին ստանում։

Այ հիմա այդ սխալն ուղղում ենք։ Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չի որոշվում։ Այդ էլիտաները չկան, հիմա կա մել էլիտա և դա ժողովուրդն է։ Այդ էլիտաներին հավաքեցիք բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ։ «Եքա» ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն»,- հայտարարեց ԱԺ  նախագահը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝  պետությունն այն չէ, որ գալիս են և հարսանիքներին «կլկլացնում» են և կոչումներ են ստանում։ Նրա խոսքով՝ այդ ամենը Սովետական Միությունից մնացած վատ ժառանգություն է։

«Որ այդ մեծանուն մարդկանց անունները տալիս եք, մի հատ տեսեք՝ ում են ժողովրդական կամ վաստակավորի կոչում տվել։ Էլիտան կամ գիտությունների թեկնածուն այն չէ, որ պետությանը  ծառայություն էին մատուցում, իսկ այստեղ չեն կարողանում երկու բառով ելույթ ունենալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։