Ինչու՞ է Իրանի ԱԳՆ-ն վճռական բողոք հայտնել Ռուսաստանին

Մանրամասներ
Ռաիսի Պուտին Ռաիսի

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ իր բողոքը հայտնելով  ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովում վերջերս հրապարակված համատեղ հայտարարության դեմ, հայտնում է Mehr-ը։

«Ռուս դիվանագետին շաբաթ երեկոյան կանչել է Թեհրանում արտաքին գործերի նախարարության Պարսից ծոցի դեպարտամենտի գլխավոր տնօրենի օգնականը, և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը վճռական բողոք է հայտնել վերջերս Մարոկկոյում տեղի ունեցած ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովի հայտարարության մեջ պարունակվող անհիմն պնդումներին Ռուսաստանի կառավարության աջակցության դեմ։ Ռուսաստանյան կողմին բողոքի նամակ է ուղարկվել»,- հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել էր ռուս-արաբական համագործակցության 6-րդ համաժողովի հայտարարության մեջ Պարսից ծոցի իրանական երեք՝ Աբու Մուսա, Մեծ Թոմբ և Փոքր Թոմբ,  կղզիների վերաբերյալ  անհիմն պնդումների ընդգրկումը։