Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին:
Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացմանը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությանը համահունչ:
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Նախարարն ընդգծել է, որ այն հիմնված է այն հիմնական սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ և վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը:
Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:
0Comments