Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել. Ալիևը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Մանրամասներ

Ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային։
 
Ալիևը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, պաշտոնական Երևանին առաջարկված խաղաղության պայմանագրին՝ բաղկացած հինգ կետից:

Նա ասել է, թե իբր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այս համատեքստում Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, և Լաչինի միջանցքն օգտագործում է դեպի Ղարաբաղ զենք, զինամթերք և զինտեխնիկա տեղափոխելու համար:

Խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ապօրինաբար անցակետ տեղադրելու մասին՝ Ալիևը նշել է, որ դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և տարածքային ամբողջականության ապահովման միջոց։