Եթե արդեն բացել են Թեղուտի հանքավայրը, ապա ավելի լավ է այն շահագործել մինչեւ վերջ, քան թողնել կիսատ–պռատ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրաբան Հրանտ Հախվերդյանը:
Նա ասաց, որ բնապահպանական հիմնական վնասը արդեն հասցվել է անտառահատումների տեսքով, իսկ հանքը չշահագործելու դեպքում ներկայիս վիճակով թողնելը վտանգավոր է, քանի որ հանքավայրի թափոնակույտերը եւ պոչամբարը դեռ ակտիվ շփման մեջ են անձրեւաջրերի հետ. «Կամ պիտի ծածկել սեւահողով, այսինքն՝ ռեկուլտվացիա անել, կամ պիտի շահագործել եւ վերջում անպայման ռեկուլտիվացիա անել:
Եթե հանքը բաց մնա, ակտիվ ապարները, որոնց մեջ ծանր մետաղների քանակը շատ է, անձրեւաջրերով լվացման հետեւանքով կաղտոտեն գետերը ոչ պակաս այնքան, որքան արդյունաբերության ժամանակ: Ավելին, արդյունահանողը աշխատանքների ժամանակ մշտապես հետեւում է եւ դրենաժային առուների միջոցով ուղղարդում անձրեւաջրերի հոսքը՝ առավել անվտանգ դարձնելով այն»,-ասաց նա՝ հավելելով, որ վերահսկողություն է պետք եւ´ աշխատելու ժամանակ, եւ´ այսպես՝ «քնած» վիճակում գտնվելիս. «Ամեն դեպքում, հանքարդյունաբերությունը չի նշանակում աղտոտել շրջակա միջավայրը՝ ինչպես անհիմն մտածում են շատերը, կարելի է եւ պետք է ունենալ հանքարդյունաբերություն, որը համապատասխանում է բնապահպանական եւ անվտանգության չափանիշներին, միաժամանակ նպաստում է շրջանի, ինչպես նաեւ պետության տնտեսական զարգացմանը»,-ընդգծեց նա։
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ համոզված է՝ հանքը չպիտի շահագործվի, իսկ վերագործարկելու դեպքում պետք է ամբողջ աշխատանքի սխեման փոխվի. «Պետք է լինի հանքի այնպիսի գործարկում, որ մինիմում վնաս տա շրջակա միջավայրին, բայց ես կողմ եմ, որպեսզի հանքավայրը փակվի»:
Սիլվա Ադամյանը լավ չի պատկերացնում, թե ինչ գումարներ պետք է ներդրվեն հանքում, քանի որ նոր պոչամբարի կառուցման, հանքի՝ բնապահպանական նորմերին համապատասխանեցան համար մեծ գումարներ են անհրաժեշտ. «Հասկանալի է, որ կա աղտոտված տարածք, որի վնասազերծման համար շատ լուրջ գումարներ են պետք եւ այդ գումարների մեծ մասը պետությունը պիտի ներդնի, արդյոք մեր կառավարությունն այժմ ի վիճակի է ներդումներ անել»,-մտահոգություն հայտնեց նա:
Ըստ բնապահպանի՝ Թեղուտի հանքի շահագործման միակ դրական կողմը աշխատատեղերի առկայությունն էր, սակայն ինքը զրուցել է Շնող գյուղի բնակիչնեի հետ, ովքեր իրեն ասել են. «Էն ժամանակ սոված էինք մահանում, հիմա կուշտ ենք մահանում»:
Պոչամբարի խնդրի վերաբերյալ երկրաբանը եւս ընդգծեց, որ կարիք կա կամ կապիտալ վերակառուցել ներկայիս պոչամբարը, կամ կառուցել նորը, եւ դա անհրաժեշտ է անել պետական վերահսկողության ներքո. «Հուսով եմ, որ պետական վերահսկողության առկայությունը կստիպի հանքն աշխատեցնողին՝ ավելի բարեխիղճ կատարել իր աշխատանքը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Թեղուտը չշահագործելով՝ հարված է հասցվում երկրի տնտեսությանը, բնապահպանն ասաց. «Թվերը առանձնապես լուրջ չէր կարող ազդել մեր տեսության վրա, իսկ հաշվարկե՞լ են, թե վնասը ինչքան է, արդյոք այն վնասը, որ տրվում է շրջակա միջավայրին, հավասարակշիռ է օգուտի հետ կամ օգուտն ավելի բարձր նիշի վրա է, քան վնասը, բա ո՞վ է հաշվարկելու վնասը, ոչ մեկ չի ուզում հաշվարկի ու չի ուզում իմանա»։
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, թե՝ հույս կա՞, որ Թեղուտը կվերագործարկվի, պատասխանել էր. «Այո, հույս կա»:
Նա նաեւ նշել էր, որ 2017 թ. ընթացքում Թեղուտը արտադրել եւ արտահանել է 120 մլն դոլարի արտադրանք, իսկ 2018 թ. Թեղուտի արտադրանքի բացակայությունն ազդել է արդյունաբերության աճի վրա, որն էլ իր ազդեցությունն է թողել տնտեսության վրա:
0Comments