Կանադական Geopolitical Monitor միջազգային հետախուզական հրատարակությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանի և Իրանի միջև աճող լարվածությանն ու հասունացող հակամարտությանը:
«Մինչ ուկրաինական պատերազմը գերիշխում է համաշխարհային մամուլի վերնագրերում, մեկ այլ հակամարտություն է հասունանում Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանն ու Իրանը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո գնալով ավելի են թշնամացել», - գրում է աղբյուրը:
Նշվում է, որ Իսրայելի և Թուրքիայի ռազմական աջակցությամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակից հետո Իրանը հասկացել է, որ իր անվտանգությունը հյուսիսային սահմանի երկայնքով վտանգված է, քանի որ պատերազմը վտանգում էր նրան կտրել տարածաշրջանային առանցքային դաշնակից Երևանից:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի ընթացքում Հայաստանի հարավային սահմանների երկայնքով հաճախակի նոր ոտնձգությունների (նկատի ունի Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- Tert.am) կապակցությամբ։ Ադրբեջանի այս վերսկսված հարձակումը տագնապ է առաջացրել ոչ միայն Իրանի, այլ նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, գրում է Geopolitical Monitor-ը:
«Այս ոտնձգությունները մոտենում են Թեհրանի կարմիր գծերից մեկին Կովկասի սահմանների հնարավոր վերագծման հարցում, որի արդյունքը հաճախ է ակնարկվում նախագահներ Ալիևի և Էրդողանի հռետորաբանության մեջ՝ կապված պանթուրքական էքսպանսիայի հետ: (Սահմանների) վերագծումը նոր աշխարհաքաղաքական խնդիրներ կառաջացնի Իրանի համար. դրանց թվում է հազարավոր տարիներ շարունակ գործող Հայաստանով անցնող հնագույն առևտրային ճանապարհի խափանումը:
Ադրբեջանը չի թաքցնում Իրանի նկատմամբ իր թշնամությունը Հայաստանի հետ 2020 թվականի պատերազմից ի վեր՝ գնալով այնքան հեռու, որ ներկայացնում է «Մեծ Ադրբեջանի» քարտեզները, որտեղ պատկերված են Իրանի հյուսիսային նահանգների որոշ հատվածներ (Իրանում բնակվում է շուրջ 16 միլիոն ադրբեջանցի, որոնք կենտրոնացած են երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի սահմանով):
Ե՛վ Բաքուն, և՛ Թեհրանը վերջին մեկ տարում դիվանագիտական հարցերում «ակն ընդ ական» ոճով քայլերի են դիմել, ինչն էլ ավելի է մեծացրել լարվածությունը: 2020 թվականի պատերազմից հետո Իրանը տարբեր զորավարժություններ է անցկացրել իր սահմանների երկայնքով՝ Ադրբեջանին զսպելու նպատակով։ Մյուս կողմից, Բաքուն ուժեղացրել է լարվածությունը Իրանի հետ՝ խթանելով Իրանում ադրբեջանցիների պոտենցիալ անջատողական շարժումը», - ասվում է հոդվածում:
Աղբյուրը գրում է, որ քանի որ Իրանում բողոքի ներկայիս շարժումը շարունակում է աճել՝ միավորելով բնակիչներին ավտորիտար մոլլաների դեմ, Իսլամական Հանրապետությունը կարող է հուսահատ քայլի դիմել ուշադրությունը շեղելու համար, իսկ արտաքին հակամարտությունը երկիրն ընդհանուր թշնամու դեմ միավորելու ճանապարհներից մեկն է:
«Թեև նախագահ Իլհամ Ալիևը 2003-ին իշխանության գալուց ի վեր պահպանել է կոշտ ավտոկրատական կառավարում, նա այժմ վայելում է ժողովրդականության նոր ալիք՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի տարած հաղթանակի պատճառով: 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում պարտությունը մեծ ազգային նվաստացում էր և տարածաշրջանի հայերի հանդեպ դժգոհության հիմնական աղբյուր: Ալիևը երկար ժամանակ օգտագործում է երկու ազգերի միջև ընթացող հակամարտությունը՝ ավելի ամրապնդելու իր կոշտ իշխանությունը, ընդհուպ մինչև այն աստիճան, որ սպային, որը ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվող զորավարժությունների ժամանակ կացնահարել էր քնած հային, ազգային հերոսի կոչում է շնորհել, այն բանից հետո, երբ նա 2012-ին Ադրբեջանին է արտահանձնվել:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերջերս մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և կենդանի ուժ է ուղարկել Ադրբեջանի հետ Իրանի սահմանի երկայնքով, ինչը մեծացնում է հնարավոր պատերազմի ռիսկը: Նավթով հարուստ Ադրբեջանի և Իրանի միջև ցանկացած բաց հակամարտություն կարող է պոտենցիալ աղետալի լինել համաշխարհային էներգետիկ շուկաների համար՝ չասած մարդասիրական ճգնաժամի հնարավորությունը, քանի որ յուրաքանչյուր երկրի սահմանամերձ շրջաններում ապրում են տասնյակ միլիոնավոր մարդիկ», - գրում է Geopolitical Monitor-ը:
Աղբյուրը նկատում է, որ Իրանն Իսլամական հեղափոխությունից հետո միջազգայնորեն մեկուսացված է: Մյուս կողմից, Ադրբեջանը, թեև շարունակում է ղեկավարվել ավտոկրատ տոհմական իշխանության կողմից, սակայն ամրապնդել է միջազգային հարաբերությունները, փոխադարձ պաշտպանական պայմանագիր ունի Թուրքիայի հետ, ռազմական պայմանագիր՝ Իսրայելի հետ, Պարսից ծոցի երկրների կողմից՝ աճող աջակցություն: Բացի այդ, ըստ աղբյուրի, ռուսական ներխուժումն Ուկրաինա ստիպել է ԵՄ-ին փնտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, ինչին Բաքուն արագորեն հավանություն տվել և գազի նոր համաձայնագիր կնքել: Սրա հետևանքով, ըստ աղբյուրի, դիվանագիտական ջանքերն այնպես են ամրապնդել Ադրբեջանի միջազգային դիրքը, որ եթե պատերազմ սկսվի Իրանի հետ, Բաքուն կարող է հույս դնել որոշակի դիվանագիտական աջակցության վրա՝ հաշվի առնելով այլընտրանքային էներգիայի հիմնական մատակարարի կարգավիճակը:
«Այնուամենայնիվ, Իրանի բալիստիկ հրթիռների աճող կարողությունների և մարտական փորձարկված անօդաչու սարքերի շնորհիվ, Ադրբեջանի զինված ուժերը ներկայում չունեն Իրանի հնարավոր հարվածներից պաշտպանվելու հնարավորությունները: Եթե հակամարտություն սկսվի, Թուրքիայի հետ փոխադարձ պաշտպանական պայմանագիրը կարող է տարածաշրջանային պատերազմի և ևս մեկ մարդասիրական աղետի պատճառ դառնալ: Առաջիկայում կարելի է ակնկալել թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի կողմից դիվանագիտական «փոխհրաձգության» էսկալացիան, որը ձեռնտու է յուրաքանչյուր երկրում ավտորիտար ռեժիմներին: Այնուամենայնիվ, անվերահսկելի էսկալացիայի և, վատագույն դեպքում, տարածաշրջանային պատերազմի վտանգը մնում է՝ չնայած, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում և չի կարող դա իրեն թույլ տալ», - եզրափակել է Geopolitical Monitor-ը:
0Comments