Զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ

Քաղաքացիներին Ոստիկանությունից կոչ են անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին

Զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Քաղաքացիներին Ոստիկանությունից կոչ են անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

Ավելի վաղ Ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպից կարճ ժամանակ անց ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։ Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալվել է, մեկ այլ մասնակից ներկայացել է Ռազմական ոստիկանություն: