
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ Հենց այդ պատճառով էլ երկու երկրների նախագահների հանդիպում տեղի չի ունեցել:
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։
Խնդրի կարևորությունից ելնելով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է համարում հանրությանը տեղեկացնել, որ նախագահը տեղեկացված չի եղել մեր հարևան և բարեկամ երկրի նախագահ պարոն Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։
Չնայած Վրաստանի նախագահի ցանկությանը և պատրաստակամությանը, ցավոք, նախագահների հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է բոլոր պետությունների ղեկավարների՝ երկիր կատարած այցի ընթացքում, չկարողացավ կայանալ։
Վրաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ու ցանկությունը մոտ ապագայում պաշտոնական այցով հյուրընկալելու Ադրբեջանի Հանրապետության նախագահին»։
0Comments