Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր տեղեկատվական հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ԱՊՀ որոշ երկրների օտարերկրյա քաղաքացիների սահմանափակումների մասին նոր վիզային օրենքը։
Ըստ հաղորդագրության՝ այս սահմանափակումը կանդրադառնա նաև Հայաստանի քաղաքացիների վրա։
«2023 թվականի հոկտեմբերի 10-ին Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետը հաստատել է Ղրղզստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու կարգի կանոնակարգը։
Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ կացության մի շարք նոր կանոններ տարածվում են նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների վրա։
Մասնավորապես, այդ պետությունների քաղաքացիները մնում են Ղրղզստանի տարածքում առանց թույլտվություն ստանալու անհրաժեշտության՝ երկիր մուտք գործելու օրվանից յուրաքանչյուր հարյուր ութսուն օրվա ընթացքում՝ 90 օրից ոչ ավելի ժամկետով:
Համապատասխանաբար, Ղրղզստանի Հանրապետության տարածքում երկարատև (90 օրից ավելի) գտնվելու համար օտարերկրյա պետությունների քաղաքացիները պետք է դիմեն լիազորված մարմիններին՝ կացության իրավունք տվող փաստաթղթեր ձեռք բերելու համար՝ կախված օտարերկրյա քաղաքացու այցի նպատակից (ընտանիքի վերամիավորում, ուսում, աշխատանք և այլն):
Նման փաստաթղթերը ներառում են՝ գրանցում բնակության վայրում, կացության թույլտվություն, ժամանակավոր կացության թույլտվություն, ինչպես նաև Кайрылман կամ Мекен-карт կարգավիճակ:
Նախարարությունը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ադրբեջանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների հաշվառումն իրականացվում է վեց ամսից ոչ ավելի ժամկետով՝ գրանցման հետագա երկարաձգման իրավունքով՝ կախված մնալու նպատակից։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անչափահաս երեխաների հաշվառումն իրականացվում է նրանց ծնողների, խնամակալների և օրինական այլ ներկայացուցիչների գրանցման հետ միաժամանակ»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ։
0Comments