Ապրիլի 11-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոց 10/5 հասցեում գործող կոշիկի արտադրամասի պատուհանից ներս մտել և իր սենյակում գտնվող չհրկիզվող պահարանի փականը կոտրելու եղանակով գողացել այնտեղ եղած ողջ գումարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաները պարզել են, որ ապրիլի 10-ից՝ ժամը 23։00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 09։15-ը ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք «ՎԱՎ» կոշիկի արտադրամասի պատուհանից մուտք են գործել ներս, կոտրել մետաղյա պահարանը և հափշտակել մոտ 2 մլն դրամ գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկաները զրուցել են նաև Վահրամ Ղ․-ի հետ, ով «Վահրամ Ղազարյան» ԱՁ-ի տնօրենն է։
0Comments