«Հուլիսի 4-ին կունենանք 41 աստիճան տաքություն». Գագիկ Սուրենյան

Մանրամասներ

ա

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսին ևս շոգ եղանակ է սպասվում։

«Հանրապետության ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստճանով՝պայմանավորված տաք հոսանքների ներթափանցմամբ հանրապետության հովտային գոտիներում, խոսքը վերաբերում է նաև Արարատյան դաշտին և Երևանին։ Ամսվա ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկին առանձին օրերի օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի 40-41 աստճանի։ Սակայն, ի տարբերություն հունիսի, հուլիսի մեջ կլինեն օրեր, երբ կլինի նաև սառը օդային հոսանքների ներթափանցում։ Այսինքն՝ չի բացառվում, որ ժամանակ առ ժամանակ ընդհատվի Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքներով, որոնք հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-  նշեց Գագիկ Սուրենյանը։

Օդերևութաբանի կանխատեսմամբ՝ հուլիսին տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, թեև տեղումների քանակի  ամսական նորման հուլիսին շատ չնչին է։

«Հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է հերթական տաք օդային հոսանքների ներթափանցում Իրաքի տարածքից, ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է։ Եթե վերջին 2-3 օրերի ընթացքում ջերմաստիճանի նվազման արդյունքում Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք 35-36 աստիճան, ապա հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը կրկին բարձրանալու է 4-5 աստիճանով։ Հուլիսի 4-ին կունենանք 40-41 աստիճան, սակայն սա կարճ կտևի, որովհետև հուլիսի 6-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը։ Այդ տաք օդային հոսանքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքների, և օդի ջրմաստիճանը կսկսի նվազել։ Հուլիսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում կունենաք 4-5 աստիճանի անկում, խոսքը հանրապետության ամենատաք գոտիների մասին է»,- հավելեց Գ. Սուրենյանը։