«Հակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա, հիմա ես եմ իր գործը շարունակողը». նա անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»

Մանրամասներ
հերոս

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, ցերեկները փախչում էր մանկապարտեզից: Կոնդում էինք ապրում, քնի ժամին դուրս էր գալիս, բակում խաղում ընկերների հետ, հետո վերադառնում անկողին: Ծնված օրվանից ազատություն էր սիրում: Իր եղբայրն իրենից երկու տարով մեծ է, և իր շփումն էլ տարիքով ավելի մեծերի հետ էր, իր հասակակիցներին երեխա էր համարում: Փոքր տարիքից պաշտպանում էր նրանց: Նույն կերպ, երբ սեպտեմբերի 27-ին եկավ ու ասաց, որ մեկնում է Արցախ, մեր այն խոսքին, որ մեկերկու օր սպասի, արձագանքեց՝ բա երեխեքին ո՞վ պիտի տիրություն անի: Զինվորներն իր համար երեխաներ էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արան՝ Հակոբի հայրիկը:

Նշում է՝ մշտապես կանգնած էր թույլերի կողքին, եթե կռվի մեջ էր հայտնվում, ապա ուրիշին պաշտպանելու համար, արդարության մարտիկ էր ծառայության տարիներին, ամենուր և ամեն պահի: «Ութերորդ դասարանից իր հետ հաշվի եմ նստել, իրեն կարող էիր վստահել՝ որպես հասուն մարդու»:

Դպրոցին զուգահեռ Հակոբը նաև սպորտի է հաճախել: Երեք ամիս քիքբոքսինգի հաճախելուց հետո ութ տարեկանում մասնակցել է Երևանի քիքբոքսինգի առաջնությանը և գրավել առաջին տեղը։ Հինգերորդ դասարանում հաճախել է թեքվանդոյի, այնուհետև՝ հունահռոմեական ըմբշամարտի։ Հայրիկի խոսքով, շատ էր սիրում ըմբշամարտը։ Հակոբը սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Այն ավարտելուց հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի կիրառական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ։ Գերազանց առաջադիմություն է ունեցել ամենուր: Համալսարանում սովորելու տարիներին Հակոբն ընտանիք է կազմում, Տաթևիկի հետ երկու որդի ունենում: Համալսարանն ավարտելուց հետո 2009 թվականին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Մի քանի ամիս ծառայելուց հետո դիմել է զորամասի հրամանատարությանը՝ խնդրելով միջնորդել, որ իր ծառայությունը շարունակի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Վեց ամիս սովորելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում և 2010 թ. մարտի 3-ին ծառայության անցնում Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ Որպես սպա՝ նա ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում: 2013 թվականին նշանակվել է հակատանկային դասակի հրամանատար՝ փաստացի իրականացնելով հատուկ նշանակության հակադիվերսիոն դասակի հրամանատարությունը։

Արան վերհիշում է 2014 թ. օգոստոսյան դեպքերը: «Այդ օրերին լայնածավալ հարձակում եղավ ամբողջ Մարտակերտի ճակատով, այդ դեպքերը համեմատվում են Քառօրյա պատերազմի հետ: Այդ ժամանակ մեկ ամիս շարունակ թուրքերն ամբողջ Մարտակերտի ճակատով հարձակվում էին: Մեկ ամիս շարունակ Հակոբը մնացել է այդտեղ, տիրապետում էր ծանր տեխնիկային, բոլոր գործողություններն ինքն է իրականացրել, ասվում է՝ այդ ժամանակահատվածում մոտ 200 դիվերսիոն գործողություն է եղել: Եթե Մարտակերտի ամբողջ ճակատը բաժանում ենք երկու գումարտակի միջև, այդ մեկ ամսվա ընթացքում 100-ից ավելի դիվերսիոն գործողություն է հետ մղել: Ցավոք, այդ գործողությունների ընթացքում Հակոբը կորցրեց իր լավագույն ընկերներից մի քանիսին։

Իր զինվորները պատմում են՝ 2013-2015 թթ. 9-ից 10 տարբեր պոստեր են պահել: Որտեղ խնդիր էր լինում, տվյալ դիրքից դասակը դուրս էին բերում, ուղարկում էին Հակոբին իր խմբով: Իր զինվորների համար ավագ ընկեր էր, եղբայր, հրամանատար, ցանկացած հարցում յուրաքանչյուրի կողքին էր: Իր զինվորները պատմում են՝ երբեք չեն տեսել, որ Հակոբը գիշերները քներ, մշտապես զգոն էր, իր քնի ժամը առավոտյան յոթից ինն էր: Եթե իր զինվորներից որևէ մեկը վատառողջ էր կամ չէր կարողանում մասնակցել առաջադրանքին, ուրեմն նրան փոխարինում էր Հակոբը»:

2010-2015 թթ. ծառայության ընթացքում Հակոբ Ռոստոմյանը արժանացել է բազում խրախուսանքների և շնորհակալագրերի: 2015 թ. մարտին Հակոբը չի երկարաձգում ծառայության պայմանագիրը և զորացրվում է՝ վերադառնալով քաղաքացիական կյանք։ 2016 թվականին Արցախն առերեսվեց հերթական պատերազմին: Ապրիլ յան պատերազմի ժամանակ Հակոբը կորցնում է իր մի քանի ընկերներին, այդ թվում՝ իր լավագույն ընկերներից մեկին՝ իր գումարտակի սպա Արմենակ Ուրֆանյանին։ Հայրիկն ասում է՝ իր հետ զորացրված տղաների հետ որոշել էին մեկնել Մարտակերտ: Բայց կնքվեց զինադադար: Ծառայությունից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմի մեկնարկը, Հակոբն աշխատում էր ֆիզիկայի բնագավառում: Բայց պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Հակոբի կյանքի ընթացքը: Սեպտեմբերի 29-ին ճանապարհ ընկավ Մարտակերտ: Նրան նշանակում են վաշտի հրամանատարի տեղակալ։ Հակոբն անմահացել է հոկտեմբերի 6ին: «Երբ հոկտեմբերի 5ին իր ընկերները, զինվորները զանգահարել էին ու ասել, որ ուզում են մեկնել իր մոտ և կռվել իր հրամանատարության ներքո, Հակոբն արձագանքել էր՝ ոչ մեկդ չգաք, պատերազմը ծախված է: Երբ հարցրել էին՝ այդ դեպքում ինչո՞ւ ես մնում, ասել էր՝ բա երեխեքին ով պիտի տիրություն անի»:

Հակոբի զոհվելու օրվա մանրամասների մասին: Մինչ հոկտեմբերի 6-ը երեք օր ու գիշեր բոլոր տեսակի զենքերով հրետակոծվել էին այն դիրքերը, որտեղ Հակոբն իր վաշտով պաշտպանություն էր իրականացնում։ Թշնամին կարծել է, որ այդ դիրքերում այլևս ոչ ոք չկա և հոկտեմբերի 6-ին կազմակերպել է լայնածավալ հարձակում՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը։ Թշնամին կարողանում է ժամանակավորապես գրավել հարևան դիրքը։ Հակոբի վաշտը հրաման է ստանում հասնել օգնության և հետ վերցնել այդ դիրքը։

Թշնամին դիմում է ԱԹՍների օգնությանը։ Այդ հրետակոծության ժամանակ վիրավորվում է նաև Հակոբը՝ Ռոստը։ Իրեն օգնության եկած տղաներին ասում է, որ առաջ գնան և հետ վերցնեն դիրքը: Թույլ չի տալիս իրեն օգնություն ցուցաբերել, իր վաշտը խուսափում է ականանետային հարվածներից: Հայրիկն ասում է՝ երբ որդին նկատել է ԱԹՍ-ները, մեկ տեղում կանգնեցրել է վաշտը, տղաներին երեքերեք անցկացրել, որպեսզի որևէ մեկը չտուժի, շարունակել է դա անել անգամ այն ժամանակ, երբ վիրավորվել է: Վիրավորումներից վերջինն, ավաղ, լինում է մահացու Հակոբի համար: Հակոբի հետ անմահանում է նաև տղաներից մեկը: Բայց Հակոբի վաշտը դիրքը հետ է վերցնում, այն թշնամու ձեռքում մնում է մոտ երկու ժամ: Հակոբն անմահանում է նռնակը ձեռքին: Հայրիկն ասում է՝ որդու հետ զրուցել է հոկտեմբերի 6-ի առավոտյան:

«Երբ հոկտեմբերի 7-ին չզանգահարեց, սկսեցի իրեն փնտրել: Ծառայության ժամանակ էլ էր այդպես, եթե մեկ օր չէր զանգահարում, ուրեմն խնդիր կար: Երբ Հակոբը զոհվում է, իր ընկերը թղթի վրա գրում է անունազգանունը, ամրացնում նրա հագուստին: Երբ Մարտակերտից Հակոբին ուղարկում են Ստեփանակերտ, հետո Գորիս, թուղթը հանվում է: Նա անհայտ դի է եղել: Զանգահարել եմ իմ ընկերներին Ստեփանակերտ, ասել՝ մտեք դիահերձարաններ, փնտրեք իրեն, հետո Գորիս և ամենուր: Զանգ ստացա՝ Գորիսի դիահերձարանում 11 անհայտ դի կա, որից մեկն ավագ լեյտենանտ է: Միգուցե տղայիս փնտրելու այս ինտենսիվությունը նպաստեց, որ շուտ գտանք իրեն: Հակոբին տեղափոխել էին Մեծամոր, այնտեղից էլ բերեցինք տուն: Որդուս հոգեհանգիստը հոկտեմբերի 12-ին էր՝ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Կարողացանք իրեն հրաժեշտ տալ»: Հայրիկն ասում է՝ իրենց ընտանիքին ուժ է տալիս Հակոբը, նրա անձնազոհությունը: «Հակոբը գիտակցաբար զոհվել է այդ հողի համար: Մեր նպատակը պետք է լիներ այդ հողը չհանձնելը: Հիմա ես իր գործը շարունակողն եմ, որ կարողանանք իր նպատակներն իրականացնել: Նա պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա: Ուժ է տալիս այն, որ կարողանանք Հակոբի երազած երկիրը կառուցել, և դավաճանները պատասխան տան, որ կարողանամ գնալ Եռաբլուր և նայել որդուս աչքերին»:

Հ. Գ.- Պահեստազորի ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ