Թրամփը հրահանգել է չեղարկել Իսրայելին 908 կիլոգրամ քաշով ավիառումբերի մատակարարմանը արգելքը, որը սահմանել էր Բայդենը. Axios

Մանրամասներ
Թրամփ նեթանյահու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է չեղարկել նախորդ վարչակազմի արգելքը, որը վերաբերում է Իսրայելին 2,000 ֆունտ (908 կիլոգրամ) քաշով ավիառումբերի մատակարարմանը, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական 3 աղբյուր։

«Թրամփի վարչակազմը հանձնարարել է Պենտագոնին չեղարկել Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին 2,000 ֆունտանոց ռումբեր մատակարարելու արգելքը»,- գրել է պորտալը։

Աղբյուրները նաև պարզաբանել են, որ ԱՄՆ-ի պահեստներում պահվող 1,800 MK-84 դասի ավիառումբերը բեռնվելու են նավերի վրա և «մոտ օրերս» կառաքվեն Իսրայել։

2024 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Իսրայելը ներխուժի Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք, ԱՄՆ-ն կդադարեցնի երկրին հրետանային արկեր, ռումբեր և այլ հարձակողական զենք մատակարարել։ Ինչպես նշում է Axios-ը, մատակարարման դադարեցումը վերաբերել է 500 և 2,000 ֆունտ (227 և 908 կիլոգրամ) կշռող ռումբերին։