ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարգադրել է դադարեցնել սոցիալական ցանցերի իր բոլոր պաշտոնական օգտահաշիվները, եթե դրանք չեն «գովերգում» Դոնալդ Թրամփի վարչակազմի առաքելությունը հարավային սահմանին կամ տեղեկատվական թարմացումներ չեն, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաներին։
Նրանք NBC News-ին տեղեկացրել են, որ ուրբաթ պաշտոնական հուշաթերթիկ է հրապարակվել, որտեղ մանրամասն ներկայացված են ուղեցույցները, սակայն զինվորական եւ ոչ զինվորական անձնակազմերին բանավոր ասվել է, որ հինգշաբթի օրվանից դադարեցնեն հրապարակումները X սոցցանցում:
Պենտագոնի շատ օգտահաշիվներ սոցցանցերում արդեն լռել են հուշաթերթիկի հրապարակումից հետո։
Հուշաթերթիկի համաձայն՝ սոցցանցերի օգտագործման արգելքը կտեւի մինչեւ փետրվարի 3-ը։ Բացի հարավային սահմանի մասին նյութերի համար բացառություններից, պաշտպանության նախարարությունը նաեւ թույլ է տվել իր աշխատակիցներին վերահրապարակել հայտարարություններ Սպիտակ տան պաշտոնական օգտահաշվից եւ տեղադրել որոշակի թարմացումներ, ներառյալ բազայի գործողությունները, ճանապարհների փակումը, կլինիկաների եւ դպրոցների աշխատանքի ուշացումները եւ ռեկրուտինգը:
0Comments