Թե ինչ քննարկելու բան ունի Արայիկ Հարությունյանը մեր ու իր հայրենիքը վարի տվածների հետ, դեռևս անհայտ է

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ոստիկանական ուժերը Արցախում չեն, չեն ապահովում մարդկանց տարհանումները, ինչու են մարդկանց մեն-մենակ թողնում ադրբեջանցիների դեմ, վտանգում նրանց կյանքը

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստ էր անցկացնում, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում, վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»։

Մեծ թվով ոստիկաններ նախ շրջափակեցին կուսակցական գրասենյակի շենքը, ապա մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին։
Ի դեպ, մամուլում տեղեկություններ եղան, որ կուսակցական նիստին անհայտ պատճառներով Արցախից նաև Արայիկ Հարությունյանն է մասնակցում։ Թե ինչ քննարկելու բան ունի Հարությունյանը մեր ու իր հայրենիքը վարի տվածների հետ, դեռևս անհայտ է։

Բայց ասելիքս այլ էր։ Այն ֆոնին, որ սոցիալական ցանցերում մեծ թվով տեսանյութեր են շրջանառվում իրենց բնակավայրերը լքող արցախցիների և ադրբեջանցիների՝ հայկական բնակավայրեր մուտք գործելու, մեր հայրենակիցներին ծաղրելու և նրանց հետ տարբեր հարցեր քննարկելու մասին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ոստիկանական ուժերը Արցախում չեն, չեն ապահովում մարդկանց տարհանումները, ինչու են մարդկանց մեն-մենակ թողնում ադրբեջանցիների դեմ, վտանգում նրանց կյանքը։

Հայաստանի և Արցախի իշխանություններն իրենց նվազագույն գործառույթները չեն կատարում և այսքան աղետալի իրադարձություններից հետո ևս վտանգում են մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը։ Իսկ ուժային կառույցներն անհասկանալի պահվածք են դրսևորում։

Ոստիկանությունը դարձրել են Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման թիկնազորը և նրանք փաստացի ոչ թե ծառայում են երկրին, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին և, ի դեպ, հավասարապես կիսում են երկիրը ողբերգության հասցնելու ողջ պատասխանատվությունը։

Փաստորեն, դրա համար էր ժամանակին Փաշինյանն իր մանկության ընկերոջը նշանակում ոստիկանապետ՝ պետությունը սեփական դուքյանի վերածում»։