Գրոհայինները հարձակում էին ծրագրել Շրի Լանկայի եւս մեկ հյուրանոցի վրա

Հաղորդվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը գրանցվել էր հյուրանոցում եւ կիրակի այնտեղ էր, սակայն այս պահին չպարզված պատճառով պայթուցիկ սարքը չէր գործարկել

Ահաբեկիչները ծրագրել էին հարձակում իրականացնել Շրի Լանկայի եւս մեկ հյուրանոցի վրա, սակայն նրանց ծրագրերը ձախողվել են, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրներին:

Չի հստակեցվում գրոհայինների եւս մեկ թիրախ համարվող հյուրանոցի անունը: Հաղորդվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը գրանցվել էր հյուրանոցում եւ կիրակի այնտեղ էր, սակայն այս պահին չպարզված պատճառով պայթուցիկ սարքը չէր գործարկել:

Ոստիկաններին ավելի ուշ հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը: Ոստիկաններին տեսնելով՝ նա պայթուցիկը գործարկել է, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել:

Ոստկանությունում աղբյուրները հայտնել են նաեւ, որ կիրակի իրագործված հարձակումների գործում առանցքային դերակատարում են ունեցել Կոլոմբոյից համեմունքների հարուստ վաճառականի երկու որդիները: Նրանք են գործակել պայթուցիկները Shangri-La եւ Cinnamon Grand հյուրանոցներում: 

Քննիչի խոսքով՝ եղբայրները, ում անունները չեն հրապարակվում, մտել են «ընտանեկան բջջի» մեջ, սակայն հայտնի չէ, թե ինչպես էին կապված այլ ահաբեկիչների հետ, որոնք հարձակումներին մասնակցել են: Գործակալության աղբյուրը նշել է, որ երիտասարդները National Thowfeek Jamaath (NTJ) խմբավորման առանցքային անդամներն էին, որին իշխանությունները պայթյունների պատասխանատուն են համարում:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել է 520-ից ավելին: