Ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել․ Քոչարյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Մանրամասներ
ռոբերտ Քոչարյան

Մենք ֆրակցիայում, ընդհանրապես դաշինքում չենք քննարկել այդ հարցը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին դուք էլի կմասնակցեք առաջնորդելով ընտրացուցա՞կը, թե՞ սերնդափոխություն կլինի և ձեր որդին կփոխարինի ձեզ:

«Ես այն, ինչ ասեմ հիմա, ասելու եմ ավելի շատ իմ անձնական կարծիքը, որը դեռ այսպես քննարկված չի։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներում։ Թե լինի ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոցային պայքար, թե լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Ֆորմատի մասով չեմ կարող հիմա որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է. ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել:

Պրագմատիկ ասելով այն ֆորմատը, որը առավելագույն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ։ Ավել բան հիմա չեմ կարող ասել, որովհետև ես այն մարդ չեմ, որը այսօր մի բան ասեմ, վաղը մյուս բանը, հետո մյուսը: Հետո դուք բերեք, ինձ դեմ տաք, ոնց որ հիմա են անում վարչապետին՝ դու այստեղ այս ասացիր, այն ասացիր: Ես 10 տարի նախագահ եմ եղել, մի դեպք ինձ բերեք, որ ես ինձ մի բան ասած լինեմ, հետո մի լրագրող ինձ ասի՝ դու այս բանն ես ասել, բա հիմա էլ ուրիշ բան ես ասում: Դրա համար ինչ որ հիմա ասում եմ, ասում եմ հենց այդ կոնտեքստի մեջ՝ ծանրակշիռ մասնակցություն, ամենից պրագմատիկ ֆորմատ այդ պահի համար»,-ասաց նա: