Հանգստյան օրերն անցկացնելու առումով Եվրոպայի ամենաէժան քաղաքները

Ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվան (217 եվրո) և Չեխիայի մայրաքաղաք Պրահան (220 եվրո)

1

Բրիտանական The Sun պարբերականը վերջերս հրապարակել է հանգստյան օրերն անցկացնելու առումով եվրոպական ամենաէժան քաղաքների ցանկը:

Ցանկը կազմվել է ըստ Post Office Travel Money-ի ծախսերի ամենամյա բարոմետրի: Ուսումնասիրված 48 քաղաքների համար սահմանվել է երկօրյա հանգստի ծախսերի չափը, որը ներառում է հյուրանոց, երկու հոգու համար ընթրիք, խմիչք, տեսարժան վայրեր այցելություն, ուղևորություններ քաղաքային տրանսպորտով և այլն:

Աղյուսակը գլխավորել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը, որտեղ երկօրյա հանգիստ կարելի է կազմակերպել` մեկ անձի հաշվով ծախսելով ընդամենը 170 եվրո: Երկրորդ տեղում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն է՝ 175 եվրո ցուցանիշով, որին հաջորդում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան՝ 185 եվրո:

Ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվան (217 եվրո) և Չեխիայի մայրաքաղաք Պրահան (220 եվրո):

Ուսումնասիրության շրջանակում ներկայացվել են նաև այն քաղաքները, որտեղ հանգստի գներն անցած տարվա համեմատ նվազել են: Այսպիսով՝ հանգիստը Վենետիկում էժանացել է ավելի քան 23%-ով, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում՝ 17%-ով: Չնայած դրան՝ այն շարունակում է Եվրոպայի ամենաթանկ քաղաքների շարքին դասվել, իսկ ամենաթանկն այս պահի դրությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն է: