Ֆլորենցիայի մի քանի հաստատություններ վերականգնել են «գինու պատուհանների» միջոցով սնունդ եւ խմիչքներ մատուցելու հին ավանդույթները` կորոնավիրուսի համավարակի պայմաններում անհարկի շփումներից խուսափելու համար: Այս մասին հաղորդվում է Գինու պատուհանների ֆլորենտական ասոցիացիայի էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պատվերների տրամադրման համար «գինու պատուհանների» օգտագործումը Իտալիայում հայտնի է առնվազն 17-րդ դարից: 1630-ականների սկզբի ֆլորենտացի գիտնական Ֆրանչեսկո Ռոնդինելիի հուշերը պահպանել են այդ ժամանակաշրջանում Իտալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում մոլեգնող ժանտախտի նկարագրությունները: Փաստաթղթերում նշվում են ինչ-որ «պատուհաններ», որոնց միջոցով, որպես նախազգուշական միջոց, տեղական գինեգործներն ու առեւտրականները վաճառել են խմիչքներ: Հաճախորդները ապրանքի համար վճարը ուղղակիորեն չեն փոխանցել վաճառողին, այլ դրել են մետաղյա սկուտեղի վրա, իսկ վաճառողներն անմիջապես ախտահանել են ստացված մետաղադրամները:
Վաճառքի համար «գինու պատուհանները» օգտագործելու ավանդույթը շարունակվել է մինչեւ 20-րդ դարի սկիզբը:
«Գինու պատուհանները» կրկին սկսել են ժողովրդականություն ձեռք բերել կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մայիսին, երբ Իտալիայում երկամսյա խիստ կարանտինը մեղմացավ, եւ հնարավոր եղավ ուտելիքը դուրս տանել, ասոցիացիան հիշեցրեց, «գինու պատուհանների» օգտագործման արդիականության մասին: Ամռանը Ֆլորենցիայի որոշ հաստատություններ որոշեցին վերականգնել ավանդույթը եւ սկսեցին պատվերները հին պատուհանների միջոցով հանձնել։ Ինչպես հաղորդվում է ասոցիացիայի կայքում, հուլիսին իտալական մի շարք սրճարաններ համավարակի պայմաններում միանգամից անցան սպասարկման այս մեթոդին։
Գինու պատուհանների ասոցիացիան Ֆլորենցիայում հիմնադրվել է 2015 թվականին: Կազմակերպությունը նպատակ ունի պահպանել եւ պաշտպանել պատմական ժառանգությունը վանդալներից, ինչպես նաեւ հավաքել ու պահպանել «գինու պատուհանների» մասին արխիվները: Ասոցիացիայի ներկայացուցիչները ստեղծել են քարտեզ, որի վրա նշել են ոչ միայն քաղաքում գտնվող շուրջ 180 «գինու պատուհանների» գտնվելու վայրը, այլեւ Ֆլորենցիայի սահմաններից դուրս գտնվող այս պատմական վայրերը:
0Comments