ՀՀ–ում 2024 թ–ին քանի՞ հետիոտն է տուգանվել ոչ սահմանված վայրերով փողոցն անցնելու համար

Մանրամասներ
արաքիչ պարեկ հետիոտն

2024 թվականին ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները հետիոտների կողմից ոչ սահմանված վայրով փողոցն անցնելու համար կազմել են 19 հազար 470 արձանագրություն։ Այս մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

2024 թվականին, ընդհանուր առմամբ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131–րդ հոդվածի 1–ին, 2–րդ և 3–րդ մասերի համաձայն արձանագրվել է 27.457 իրավախախտում։

«Հետիոտների կողմից ոչ սահմանված վայրով անցնելու համար կազմված 19.470 արձանագրություններով հավաքագրվել է 63 մլն 852 հազար 942 դրամ։ Իսկ ընդհանուր ` 27.457 իրավախախտման համար հավաքագրվել է 107 մլն 2765 դրամ»,–հայտնել են ՆԳՆ–ից։

Հիշեցնենք` ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ եթե այդ ուղղությամբ ավելի ինտենսիվ աշխատանքներ տարվեին, գրանցված իրավախախտումների թիվը շատ ավելին կլիներ։ Նա նշել էր, որ 2 ուղղությամբ աշխատանք ունեն անելու. նախ պարեկային ծառայողները պետք է ավելի աչալուրջ լինեն և արձանագրեն խախտումները և երկրորդ` պետք է քաղաքացիական նախաձեռնությունը դարձնել օրենսդրական նախաձեռնության մաս։

Նշենք, որ կա քաղաքացիական նախաձեռնություն, որ հետիոտնի համար սահմանված վայրով չանցնելը պետք է ավելի խիստ վարչական պատասխանատվություն ենթադրի։

Նախարարն ընդգծել էր, որ այդ նախաձեռնությամբ իրենք ոչ թե զուտ տուգանքի չափը մեծացնելու միտում ունեն, այլ անվտանգ ձևով ճանապարհն անցնելու տրամաբանություն զարգացնելու , որովհետև շատ հաճախ անմեղ թվացող անցումը կարող է բերել ընդհուպ մինչև մահվան ելքով պատահարի։