Իրանը հայտնվելու է ռուսական միջուկային անձրևանոցի տակ. Այդ դեպքում ոչ ոք չի համարձակվի հարվածել Իրանին. միջազգայնագետ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Սա ակնհայտ պրովոկացիա է Ադրբեջանի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը՝ անդրադառնալով նրան, որ ադրբեջանական մամուլը գրեց, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է և շուտով Թուրքիայում քննարկվելու են «Զանգեզուրի միջանցքի» բացման տեխնիկական մանրամասները։

«Հիշու՞մ եք Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը. Ադրբեջանը ինչպես մատուցեց։ Ռուսական կողմը նշել էր, որ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է եղել խոսակցություն, Ադրբեջանը դա ներկայացրեց իբրև միջանցքի բացման շուրջ բանակցություններ, և Իրանն էլ, ՌԴ դեսպանին հրավիրեց Իրանի ԱԳՆ՝ պարզաբանում պահանջելու: Հետո պարզվեց, որ այս ամենը կազմակերպել էր Ադրբեջանը։ Հիմա Ադրբեջանը նույնը անում է արդեն հակառակ ուղղությամբ, ցույց տալով Ռուսաստանին, որ տես, քո մեջքի հետևում Իրանը ամեն դեպքում ինչ-որ բանակցություններ է վարում և սակարկություններ է անում։ Սա էժան մանիպուլյացիա է, որ կարծում եմ՝ Ալիևի վրա շատ թանկ է նստելու, հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանում նաև Ադրբեջանի և ադրբեջանցիների հանդեպ սկսված ակնհայտ բացասական գործընթացը, որ սկսվել է ինքնաթիռի աղետից հետո:

Սա Ալիևին լավ տեղ չի տանելու, իսկ հիմնական նպատակը պրովոկացիան է՝ այս խառը իրավիճակում փորձելով մտածածինը իրականության տեղ մատուցել, հաշվարկով, որ դե Իրանը միգուցե ձայն չհանի և իրենք այս աղմուկի տակ փորձեն անցկացնել այս տեղեկատվությունը: Բայց Իրանը, ում համար «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը և, առհասարակ, Հարավային Կովկասի սահմանները կարմիր գիծ են, սա չէր կարող անուշադրության մատնել: Դրա համար շատ արագ և կտրուկ եղավ պատասխան, որ Իրանի դիրքորոշումը այս, այս, այս հարցերում չի փոխվել»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Գրիգորի Բալասանյանն ասաց. «Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան, բովանդակ Արևմուտքը, օրու գիշեր մտածում են ինչպես անեն Իրանին հարվածելու համար։ Անգամ Կանադայի ապագա վարչապետն է հայտարարություն անում, որ Իրանին հարվածներ հասցնելը ԱՄՆ-ի կողմից կլինի, ինչպես ինքն է ձևակերպում, մարդկությանը մատուցած ամենամեծ նվերը։ Հիմա թե ինչ է շահելու սրանից Արևմուտքը, ես չեմ կարող ասել, որովհետև որտեղ Մերձավոր Արևելքում Արևմուտքը մտավ, իր հետևից մահ և ավեր բերեց, և հիմա էլ խնդիր է դրված Իրանը մեջտեղից հանել և կոտրել դիմադրության այն վերջին օջախը, որ խանգարում է իրենց Մերձավոր Արևելքը թալանել և նավթը տանել Եվրոպա և Միացյալ Նահանգներ։

Բայց այստեղ իրենք կարող են չհասցնել, որովհետև հունվարի 17-ին, ինչպես իրանական աղբյուրներն են հայտնում, մեծ հավանականությամբ լինելու է Իրանի նախագահ Փեզեշքիանի այցը Մոսկվա, որի շրջանակներում ստորագրվելու է նաև, ինչպես իրենք են նշում՝ դարի պայմանագիրը՝ ռուս-իրանական փոխադարձ օգնության մասին։

Եվ նույն իրանական փորձագիտական աղբյուրների պնդմամբ, սա մոտավորապես լինելու է այն պայմանագիրը նման, որ ստորագրվեց Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև, որը նաեւ փոխադարձ ռազմական օգնության մասին է։

Երբ ասում ենք՝ ռազմական փոխօգնություն, դա ենթադրում է նաև հենց Հարավային Կովկասում տեղի ունենալիք անցանկալի իրադարձությունների պարագայում, նաև Ռուսաստանի խնդրանքով Իրանի միջամտություն:

Բայց այստեղ սա չի էականը, էականը նա է, որ Իրանը հայտնվելու է ռուսական միջուկային անձրևանոցի տակ։  Հիմա այս պարագայում, ո՞ր եվրոպական երկիրն է համաձայնելու հրթիռ արձակել միջուկային տերության անձրևանոցի տակ գտնվող պետության վրա։ Ես կարծում եմ, խոսալուց բոլորն էլ կարող են խոսել, բայց հենց հերթը գա հրթիռ արձակելու հրաման տալուն, մենք կտեսնենք, որ այնտեղ մարդ չի մնալու»,- հայտարարեց նա: