Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն հաստատելու իր ցանկության մասին, նաև չի բացառել հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, գրում է BBC-ն:
«Կարող եմ մի բան ասել. դրանք մեզ անհրաժեշտ են տնտեսական անվտանգության համար»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը՝ Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսում։ «Ես չեմ կարող այդպիսի պարտավորություն ստանձնել (ռազմական գործողություններ չձեռնարկել)։ Կարող է այնպես լինել, որ մենք ստիպված ինչ-որ բան անենք»:
Երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն ցանկություն հայտնեց Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնել, Դոնալդ Թրամփ կրտսերը ժամանել է դանիական այս ինքնավար տարածքը։
Նա ասել է, որ «մասնավոր մեկօրյա ճամփորդության» է մեկնում՝ շփվելու կղզու բնակիչների հետ, և մտադիր չէ հանդիպել պետական պաշտոնյաների հետ։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, նրա այցին ի պատասխան՝ կրկնել է. «Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին և այդ տարածքը չի վաճառվում»։
Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն նույնպես մերժել է ԱՄՆ-ի հետ որևէ գործարքի հնարավորությունը։ «Գրենլանդիան մեզ է պատկանում, մենք չենք վաճառվում ու երբեք չենք վաճառվի: Մենք չպետք է տանուլ տանք ազատության համար մեր երկարատև պայքարը»,- ընդգծել է նա։
57 հազար բնակչություն ունեցող տարածքը Դանիայի կազմում ինքնավար կարգավիճակ ունի 1979 թվականից, կղզու տնտեսությունը մեծապես կախված է Կոպենհագենի սուբսիդիաներից:
0Comments