Թեման սպառված եմ համարում. վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի մասին

Մանրամասներ
Ժաննա Անդրեասյան

Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը. Նախատեսվում է մրցութային ընթացակարգով աջակցության տրամադրում մասնավոր թատրոններին։  Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, նախագծի հաստատման պարագայում «Գոյ» թատրոնի նախկին աշխատակազն ազատ է, կարող է մասնակցել մրցույթին, աջակցությունը ստանալու դեպքում գործել այդ աջակցության պայմաններում։

Ինչ վերաբերում է  «Գոյ» թատրոնի դերասանների, ստեղծագործական անձնակազմի հետ բանակցություններին, նա ասաց. «Եղել են բանակցությունների բազմաթիվ փուլեր, մի քանի առաջարկներ։ Մասնավորապես, նրանց առաջարկվել է իրենց անկախ խաղացանկային, ստեղծագործական, ֆինանսական ապահովածությամբ գործել Սունդուկյան թատրոնի կազմում՝  օգտագործելով թատրոնի տարբեր բեմերը, այսինքն ոչ միայն այն բեմահարթակը, որը նախկինում «Գոյ» թատրոնին էր ամրացված։

Տրվել է  առաջարկ ու հնարավարություն որպես մասնավոր թատրոն գործել՝ օգտվելով աջակցության մեխանիզմից,  Սունդուկյան թատրոնի հետ էլ համաձայնություն ունենալ իրենց բեմահարթակի օգտագործման մասով։ Մեր առաջարկները մեծ հաշվով մնացել են անարձագանք։ Այս պահին ես թեման սպառված եմ համարում, գտնում եմ՝ պետությունն արել է  իր առաջարկները, եթե այժմ այդ առաջարկներից օգտվելու ցանկություն կա, այդ հնարավորությունը կա։

Ընդհանրապես, ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում։ Եթե մարդիկ որոշեն ստեղագործել, պետության աջակցությունը գտնել  հնարավոր, մենք էլի որևէ կարմիր գծեր չենք տեսնում, մեզ համար մշակույթի դաշտում չկան նման գծեր։ Պատրաստ ենք այդ աջակցության ձևերի շրջանակներում ապահովել իրենց  ստեղծագործական գործունեությունը»։

Հարցին՝ եթե ստացվի գործունեությունը, կարո՞ղ են «Գոյ» թատրոնի դերասանները, ստեղծագործական կազմը գործել հենց իրենց բեմում, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում իրենց բեմ։ Մենք խոսում ենք պետական գույքի մասին»։