Աբխազիայի ընդդիմությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ

Մանրամասներ
աբխազիա

Ակցիայի մասնակիցները չեն լքի Աբխազիայի իշխանությունների կառավարական համալիրը, քանի դեռ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական չի տվել, հայտարարել է ցուցարար, «Աբխազական ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր պահանջներն անփոփոխ են»,-ասել է Արձինբան՝ անդրադառնալով նախագահի աշխատակազմի քայլերին։

Նա ընդգծել է, որ չեն հավատում Աբխազիայի ներկայիս նախագահի խոսքերին, թե ստորագրելու է հրաժարականի հայտարարությունը, իսկ հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ։

«Կարծում եմ՝ մեզանից ոչ ոք չի հավատում դրան, և մենք նրան առաջարկում ենք հետևյալը ․․․ Այնտեղ, որտեղ նա է հիմա գտնվում, հնարավորություն ունի ստորագրել հրաժարականի դիմումը, քանի դեռ այս պահանջը  չի կատարվել, մենք այստեղից չենք հեռանա»,- եզրափակել է ընդդիմադիրը։

Նշենք, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան երկրում տեղի ունեցած ցույցերը պետական ​​հեղաշրջման փորձ է անվանել, հաղորդում է RT–ն։

«Հիմա ժամանակն է, երբ մենք պետք է հոգ տանենք մեր երկրի, մեր հայրենիքի մասին։ Այն վտանգի մեջ է: Եվ մեր հայրենիքը նման ծանր վիճակում հայտնվեց հեղաշրջման փորձ կատարած մարդկանց գործողությունների արդյունքում։ Դեռ ուշ չէ ամեն ինչ ետ բերելու համար»,- ասել է նա՝ հավելելով որ մնում է նախագահի պաշտոնում։