Ուկրաինայում սկսվել են հնարավոր նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, սպասվող ժամկետը 2025 թվականի մայիսի 25-ն է, հայտնել են իրազեկ աղբյուրները The Economist-ին։
Նրանց խոսքով, ընտրությունների նախապատրաստությունն արդեն սկսվել է, տարածքային նախընտրական շտաբները սկսել են աշխատանքները, թեկնածուների ցուցակներ են կազմվում։ Գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու հավանական մրցակիցներից մեկի ներկայացուցիչներն ասում են, որ Ուկրաինան ընտրությունների կարիք ունի, սակայն վախենում է հրապարակային հայտարարություն անել այս թեմայով՝ վախենալով պետության ղեկավարի գրասենյակի կոշտ արձագանքից։
The Economist-ի կողմից վերանայված ներքին հարցումների համաձայն՝ Զելենսկին կպարտվեր ընտրություններում, քանի որ հասարակությունը ռուսական ներխուժման մեկնարկից երեք տարի անց այլևս չի ընկալում պետության ներկայիս ղեկավարին որպես «պատերազմի հերոս»:
Գլխավոր ֆավորիտը համարվում է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին, ով անցյալ տարի Զելենսկու հետ կոնֆլիկտից հետո նշանակվեց Մեծ Բրիտանիայի դեսպան։ Զալուժնիի քաղաքական հավակնությունները դեռևս պարզ չեն, թեև շատերը կոչ են անում նրան առաջադրվել նախագահի պաշտոնում, պարզաբանել է պարբերականի աղբյուրը։
Ընդ որում, Զելենսկու օգտին ավելի շատ մարդիկ են պատրաստ քվեարկել, քան ընդդիմադիր այլ թեկնածուների, բացառությամբ Զալուժնիի։ Ներկայիս նախագահի նախկին գործընկերը կարծում է, որ լավագույն որոշումը, որը կարող է ընդունել Զելենսկին, հրաժարական տալն է և նախագահական ընդամենը մեկ ժամկետով ծառայելու իր սկզբնական խոստումը կատարելը:
«Զելենսկին միայն մեկ ելք ունի իր հեղինակությունը պահպանելու համար: Դա այն է, որ ընտրություններն անցկացվեն առանց իր մասնակցության և պատմության մեջ մնա որպես ազգին պատերազմում համախմբող մարդ»,- պարզաբանել է նա։
Սեպտեմբերի վերջին The Economist-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, գրել էր, որ Զելենսկին դիտարկում է 2025 թվականին նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը՝ իր իշխանությունն ամրապնդելու համար։ Նրանց խոսքով, այս պահին շատ վեճեր կան ընտրություններում Զելենսկու հավանական մրցակիցների մասին։
Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի տվյալներով՝ ուկրաինացիների վստահությունը գործող նախագահի նկատմամբ 2023 թվականի մայիսի 80 տոկոսից 2024 թվականին ընկել է 45 տոկոսի։ Կառավարության նկատմամբ վստահությունն ընդհանուր առմամբ է՛լ ավելի է նվազել։ «Քաղաքական գործընթացն անկասկած սկսվել է», - The Economist-ին ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով երեք անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում։
Զելենսկու պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային մարտին, սակայն դրանք չկայացան, քանի որ երկրում ռազմական դրություն էր։ Մինչ այս Զելենսկին հայտարարել էր, որ երկրում նախագահական ընտրությունները «ժամանակին չէին»։ Նրա խոսքով՝ դրանք ձեռնտու են միայն Ռուսաստանին։ Միաժամանակ նա նշել էր, որ չէր առաջադրվի երկրորդ նախագահական ժամկետի համար, եթե ռազմական հակամարտությունն ավարտվեր։
0Comments