Ռուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին

Մանրամասներ
նիկոլ

Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։

«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», – հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։

Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել այս մասին «Ազատության» հարցերին։

Ամիսներ առաջ՝ հունիսին, ենթադրաբար նույն հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր։ Դրանք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չէին, կա՛մ ծանր էին աշխատում:

Դեռ այն ժամանակ «Ազատության» հետ զրույցում Թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը նշել էր՝«եթե դա հաջողվում է թեկուզ 5 րոպեով, և եթե դա ինչ-որ պատահական հաքերային ակտիվիստներ են և կարողանում են մի ամբողջ պետության ենթակառուցված անհասանելի դարձնել, դա կարելի է համարել պետական ենթակառուցվածքների թուլության ապացույց»: