Եթե ընդամենը յոթ տարի ետ գնանք և համեմատենք մեր իրականությունները ոչ միայն մենք ասելիք չենք ունենա, այլև ամոթից կպապանձվենք, որովհետև անկախ բոլոր տեսակի վայրիվերումներից ու դժվարություններից մենք պատվով էինք ապրում։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Այսօր մենք դարձյալ կանգնած ենք ազատագրության պայքարի մեջ։ Ես հանձն եմ առել անկախ հանգամանքներից, այդ ազատագրության մեջ մնալու առանց հավակնությունների, ինքնաազատագրվելու առաջին հերթին: Այն ակնկալիքները, սպասելիքները, այն պարտադրող ճնշումը, որ գոյություն ունի մեզ վրա, այդ ճանապարհը հասցնելու վերջնական արդյունքին, մենք անելու ենք դա, որովհետև դա անհրաժեշտություն է: Իսկ եթե մի բան անհրաժեշտությունը, ուրեմն նաև հնարավոր է: Սա ինձ համար պարզապես թևավոր խոսք չէ, սա իմ կյանքի փիլիսոփայություն է եղել»,- հայտարարեց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով, նրանք, ովքեր մեզ հետ ճանապարհ են դուրս եկել և մինչև այսօր մնացել են այդ ճանապարհի մեջ, նրանց վիճակված է միայն և միայն հաղթանակ ունենալու և դա չի ուշանալու. «Այո, փշոտ է, տատասկոտ է մեր ճանապարհը, բայց այլընտրանք էլ չկա։ Ես ապրում եմ այդ հաղթանակի ուղղակի ամեն օրը: Կգա մեր մեջքը շտելու ժամանակը: Մենք չենք կարող գլխիկոր մնալ»,- ընդգծեց նա:
0Comments