Հայաստանի իշխանությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ ճակատագրի է արժանացել Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ գտնվող պոմպակայանը։
Տեղի բնակիչների խոսքով՝ սահմանազատման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել պոմպակայաններից մեկը, որը պետք է ջուր մատակարարեր հարևան Սարիգյուղին։ Ընդ որում` նախքան տարածքը փոխանցելը այն ապամոնտաժել են և հանել պոմպերը։
Սարիգյուղի ղեկավար Սեյրան Սարիբեկյանը մեր հարցերին չպատասխանեց և խնդրեց պաշտոնական հարցում ուղարկել իշխանություններին։
Sputnik Արմենիան դեռևս 2024 թվականի հոկտեմբերի վերջին հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցի` սահմանազատման/սահմանագծման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցե՞լ է Տավուշի մարզի Սարիզյուղի պոմպակայանը կամ պոմպակայաններից մեկը: Եթե այո, ապա այն աշխատո՞ւմ էր։ Եվ ինչո՞վ է պայմանավորված Սարիգյուղի ջրամատակարարման համակարգի արդիականացման նոր նախագիծը:
Ու թեև արդեն ամիսներ են անցել, բայց նախարարությունը դեռ չի կարողացել պատասխանել մեր հարցերին։
Նշենք, որ 2020 թվականին պոմպակայանի, խորքային հորի և խողովակաշարի կառուցման համար հատկացվեց 86 մլն դրամ, որը պետք է ապահովեր գյուղի 360 տնտեսություն: Սակայն խնդիրը չլուծվեց, և 2022-2023 թվականներին 99 մլն դրամով կառուցեցին նոր պոմպակայան և հոր, ինչպես նաև արտաքին և ներքին ցանց։
Իսկ 2024 թվականի հոկտեմբերին Տավուշի մարզպետարանը Սարիգյուղի խմելու ջրի համակարգի արդիականացման նոր նախագիծ պատվիրեց։
Հիշեցնենք` սահմանազատման շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի հատված և 50-ից ավելի հողամաս հանձնվեցին Ադրբեջանին։
0Comments