Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. Ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Մանրամասներ
պարեկ

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քաղաքացուց ընդունվեց հաղորդում, և Արաբկիրի ոստիկաններն անցան գործի:
«Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, նաև համադրելով նախկին խարդախությունների բացահայտման ընթացքում ստացած օպերատիվ տեղեկությունները, հաջողվեց պարզել հանցավոր խմբի անդամներից մեկի ինքնությունը»,-ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Գրիգորի Նիկողոսյանը:

Այս պահին քննությանը հայտնի է խմբի կատարած նմանատիպ խարդախության չորս դրվագ: 

Նախապես հանցավոր համաձայնության գալով` խարդախները մի կայքից տեղեկացել էին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Կապ էին հաստատել տիրոջ հետ` իբր գնորդ են, մեքենան իրենց դուր է եկել, և որպեսզի գնեն` իրենց հարկավոր են մեքենայի լուսանկարներն ու տեսագրությունը, նաև տեխանձնագրի նկարը: Հետո խնդրել են հանել մեքենայի հայտարարությունը, որ հանկարծ ուրիշ գնորդ չհայտնվի: Հաջորդ քայլով խարդախները նույն մեքենայի վաճառքի հայտարարությունը` մեքենայի և տեխանձնագրի նկարներով, տեղադրել են մեկ այլ կայքում` շատ ավելի էժան, այսպես ասած` գայթակղիչ գնով:

Պոտենցիալ տուժողը կապվել էր մեքենա վաճառողի հետ, որը նրան ասել էր, թե իբր մեքենան գրավադրված է, և վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկուկես միլիոն դրամից քիչ ավելի գումար: Կանխավճարի հարցում համաձայնության գալուց հետո տղամարդը ասել է, թե իբր ինքն աշխատում է նախարարություններից մեկում, շատ զբաղված է, բայց կարող են գնալ իրենց տուն, որտեղ իր կինը բոլոր հարցերը կկարգավորի: Տալիս է Վաղարշյան փողոցում գտնվող իրենց տան հասցեն, որտեղ իրենց կսպասի կինը` Լիանան: Տուժողները գնում են Վաղարշյան փողոց: Լիանան նրանց դիմավորում է, վերցնում կանխավճարը, խոստանում արագ վերադառնալ և... անդարձ հեռանում է:
Պարզվեց, որ  բնակարանը տրվում էր օրավարձով, ու աղջկա անունը Լիանա չէ:

Սեպտեմբերի 3-ին Լիանա ներկայացած անձը հայտնաբերվեց Սևան քաղաքում, խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախարարության աշխատակից ներկայացած տղամարդուն և հանցավոր խմբի հնարավոր այլ անդամների հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: