ՆԳՆ-ն անդրադարձել է «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդների և ուղեվարձը չվճարած ուղևորների միջադեպին:
«Փետրվարի 14-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևանի ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։
Հաղորդում է ներկայացրել նաև «Երևանի ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը, միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։
Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։
Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
0Comments