Հայաստանի և ԵՄ կառույցների համագործակցության զարգացումը անցել է ինտենսիվ փուլ. փոխվարչապետ

Մանրամասներ
Մհեր Գրիգորյան

Մենք բաց ենք Հայաստանի եւ ԵՄ կառույցների միջեւ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության համար՝ հաշվի առնելով, որ այդ համագործակցությունը անցել է ինտենսիվ փուլ։ Այս մասին «ԵՄ-Հայաստան» քաղաքացիական պլատֆորմի ամփոփիչ հաշվետվությանը նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս օրակարգի սպասարկումը ենթադրում է բոլոր ակտորների մասնակցություն, լայն հանրության ներգրավում եւ մասնակցություն։ «Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը քաղաքացիական պլատֆորմի հետ։ Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հատուկ կարեւորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության մասնակցությանը որոշումների ընդունմանը եւ օբյեկտիվ գնահատական տալուն»,- նշել է նա։

Գրիգորյանը հիշեցրել է, որ այսօրվա միջոցառումը հաջորդում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստին, որը տեղի է ունեցել անցած շաբաթ։ «Այդ նիստի արդյունքներով գրանցվել է առաջընթաց։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի քայլերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ  համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (SEPA) իրականացմանը։ Նշվել է, որ ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգը կուղղվի համաձայնագրի պոտենցիալի բացահայտմանը»,- ընդգծել է փոխվարչապետը։

Նրա գնահատմամբ՝ պլատֆորմը նշանակալի դեր է խաղում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ գործընկերության հետագա խթանման հարցում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության, կրթության եւ այլ ոլորտներում։