Մանկապարտեզների տնօրենները մինչև 2024թ. հունիսի 1-ը պետք է ստանան ղեկավարման իրավունք

Մանրամասներ
մանկապարտեզ

Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, պետք է հանձնեն հավաստագրման քննություն ու ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Այս մասին այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արարատի մարզում անցկացած խորհրդակցության ընթացքում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը երեկվանից մեկնարկել է ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ խորհրդակցություններ ՀՀ մարզերում և Երևանում։

Արարատի մարզում խորհրդակցությանը քննարկվել են նաև 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստմանը և նոր դասագրքերի ստեղծմանը։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։

«Պետք է վստահ լինենք, որ այս կամ այն դասագիրքը, որը երաշխավորվել կամ չի երաշխավորվել, հիմնավոր է։ Պետք է վստահ լինենք, որ դպրոց մտնող ցանկացած դասագիրք իսկապես համապատասխանում է բոլոր սահմանված չափանիշներին»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ դասագրքերը տպագրման փուլում են։

Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: