Արտակարգ դեպք՝ Ծաղկաձորում. 18-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է հողաթմբին ու կողաշրջվել. վիրավորներ կան

Մանրամասներ
ավտովթար

Երեկ՝ փետրվարի 18-ին, կվադրոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն իր վարած BRP մոդելի կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա հետ կվադրոցիկլում գտնվող ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Ծաղկաձորի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ կվադրոցիկլը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Աշոտ Տ.-ին: