ԱՄՆ-ն տարբերակներ է մշակում Իրանին պատասխան հարված հասցնելու համար, որպեսզի այդպիսով կանխի իրանամետ ուժերի նոր հարձակումներն ամերիկյան բազաների վրա: Միևնույն ժամանակ պատասխան հարվածը պետք է լինի այնպիսին, որ չհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրին։
Ծրագիրը պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Հրատարակության համաձայն՝ տարբերակների թվում Պենտագոնը դիտարկում է Սիրիայում և Իրաքում իրանական զինվորականների կամ Պարսից ծոցում իրանական ռազմածովային օբյեկտների վրա հարձակումները։
Պատասխան հարձակումները, ինչպես նշել են Politico-ի զրուցակիցները, կսկսվեն Ջո Բայդենի կողմից ծրագրի հաստատումից մի քանի օր անց և տեղի կունենան կոնկրետ թիրախների դեմ։
Նման միջոցները կլինեն ԱՄՆ-ի պատասխանը Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող բազայի վրա հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի զինվոր է զոհվել, գրում է հրատարակությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատարվածի համար մեղադրել էր Իրանին՝ հայտարարելով, որ հարձակումն իրագործած Իրաքի իսլամական դիմադրություն խմբավորումը աջակցվում է Իրանի կողմից:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կպատասխանի հարվածներին, բայց «չի գործի հապճեպ»։
ԱՄՆ ռազմաբազաները Սիրիայում և Իրաքում վերջին ամիսներին ենթարկվել են բազում հարձակումների: Իրաքի իսլամական դիմադրությունը դա բացատրում է որպես պատասխան ԱՄՆ-ի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում Իսրայելին աջակցելուն:
Բայդենի թիմը տարբերակներ է մշակում Իրանին պատասխան հարված հասցնելու համար. Politico
Մանրամասներ
0Comments