ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն օր ցույց է տալիս, որ Իսրայելի՝ երբևէ Սպիտակ տանը եղած ամենամեծ բարեկամն է. այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին Իսրայելին ցուցաբերած անսասան աջակցության համար։ Վաշինգտոն կատարած իմ վերջին այցի ժամանակ ես ասացի, որ Դոնալդ Թրամփն ամենամեծ ընկերն է, որ Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը։ Եվ նախագահ Թրամփը ցույց է տալիս այդ բարեկամությունը ամեն օր: Նա դա ցույց է տվել Գազայի հատվածի համար իր տեսլականի միջոցով: Իսրայելն ամբողջովին աջակցում է այդ ծրագրին: Նա իր բարեկամությունը ցույց է տվել՝ մեզ ուղարկելով այն ամբողջ սպառազինությունը, որի ուղարկումը դադարեցվել էր (Բայդենի օրոք-խմբ.)»,- նշել է Նեթանյահուն:
Ըստ Իսրայելի վարչապետի՝ Թրամփն իրենց տալիս է այն գործիքները, որոնք անհրաժեշտ են Իրանի ահաբեկչական առանցքի դեմ աշխատանքն ավարտելու համար:
«Եվ Թրամփն իր բարեկամ լինելը ցույց է տվել՝ լիովին աջակցելով Իսրայելին և ճնշում գործադրելով ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու համար: Իսրայելն ընդունել է նախագահ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ծրագիրը՝ ժամանակավոր հրադադարը 50 օրով երկարաձգելու վերաբերյալ։ Այդ ընթացքում մենք կարող ենք քննարկել մշտական հրադադարի պայմանները, որոնք կդադարեցնեն պատերազմը Գազայում: Իսրայելն այս ծրագիրն ընդունել է, սակայն ՀԱՄԱՍ-ը մերժել է»,- նշել է Նեթանյահուն:
0Comments