Բա հպարտորեն հայտարարում էիք՝ այսուհետ Սևանից հավելյալ ջրի բաց թողումը բացառելու եք

Մանրամասներ

Հիմա ինքներդ խախտում եք ձեր իսկ կողմից ընդունված  կանոնը և հայտարարում եք այլ բան։ Կառավարությունն ակնհայտ օրենքին ոչ համապատասխան առաջարկ է ներկայացնում Սևանա լճից լրացուցիչ  ջրառ կատարելու վերաբերյալ։

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Բնապահպանության նախկին նախարարը նախագծի հեղինակներին հիշեցրեց, որ 2019 թվականին օրենքի կարգավորումներով հնարավորություն կար ջրի բացասական հաշվեկշիռ լինելու դեպքում լրացուցիչ ջուր բաց թողնել, սակայն, իշխանությունն այդ կարգավորումը փոխել է։

«Բա հպարտորեն հայտարարություններ էինք անում և ասում՝ այսուհետ Սևանա լճից հավելյալ  ջրի բաց թողելը բացառվելու է բացասական բալանքի դեպքում։ Հիմա ինքներդ խախտում եք ձեր իսկ կողմից ընդունված  կանոնը և հայտարարում եք այլ բան։ Այս դեպքում օրենքն արգելում է դա անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մինասյանը նկատեց՝ Սևանա լճից հավելյալ ջուր վերցնելու համար նաև չի հայտարարվել, որ երաշտային տարի է, հանրապետությունում ջրի դեֆիցիտ կա։

Նշենք, որ  ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։