Ինչու՞ եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում․ Անկլավների հետ կապված մի քանի տարբերակ կա. Գնել Սանոսյան

Մանրամասներ

Անկլավների թեման բանակցությունների ընթացքում քննարկվում է և տարբեր սցենարներ կան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը

 

«Ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, դրանում կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը։ Այսինքն որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ՝ այդ ժամանակ մեր գործընկերները կտեսնեն, թե որ տարածքն ինչ իրավական հիմք ունի։ Մեկ բան ակնհայտ է, որ նման տարածքներ երկու կողմում կան։ Այսինքն՝ մենք նույնպես ունենք բազմաթիվ այդպիսի հատվածներ, ինչպես նաև ունենք 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ, հատկապես՝ Տավուշի մարզում։ Կարծում եմ՝ այդ ամենը կդիտարկվի մեկ ընդհանուր փաթեթի մեջ», - ասաց ՏԿԵ նախարարը։

Ինչպես նշեց Գնեց Սանոսյանը․ խոսքը ՀՀ-ի որոշ բնակավայրերի հարակից տարածքների մասին է, որոնց վարչական սահմանները ժամանակին խախտվել էին, և, իհարկե, Արծվաշենի։

Հարցին՝ կա արդյոք որոշում, որով այդ տարածքները չեն հանձնվի և կդիտարկվի միայն փոխանակման հարցը, Սանոսյանը պատասխանեց, որ կան տարբեր սցենարներ, սակայն մանրամասները չի կարող ներկայացնել։ Դիտարկմանը՝ հնարավո՞ր արդյոք այդ տարածքները հանձնվեն Ադրբեջանին, ՏԿԵ նախարարն արձագանքեց․

«Անկլավների հետ կապված մի քանի տարբերակ կա, ինչու՞ եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում»։

Անդրադառնալով Ոսկեպարի և Բաղանիս շրջակա տարածքների հնարավոր հանձնման հարցին և դրանցի բխող հետևանքներին՝ Գնեց Սանոսյանը շեշտեց, որ բոլոր հնարավոր սցենարների դեպքում կգտվեն լուծումներ։

«Ինչպես Սյունիքում եղավ խնդիր և գտանք լուծումներ ու կան ճանապարհներ, որոնք փոխարինում են այն ճանապարհներին, որոնց հետ կապված խնդիր կա։ Ամեն ինչից առաջ մի ընկեք, համբերեք, կան քննարկումներ, կան բանակցություններ։ Ինչպիսի իրավիճակ կլինի, ըստ դրա էլ մեր ենթադրություններն ու անելիքները կորոշենք», - հավելեց նա։