«Սիմոնը» 10 մասերից բաղկացած նոր սերիալ է, որը հարմար է տոնական ու անհոգ տրամադրությունը երկարացնելու համար։ Շարքը հիմնված է Նարինե Աբգարյանի համանուն գրքի վրա։ Գլխավոր հերոսին մարմնավորել է Հրանտ Թոխատյանը։ Սաթենիկ Հախնազարյանը խաղացել է Սիմոնի կնոջ դերը, իսկ սիրուհիների դերերում՝ Օլգա Կաբոն, Ալյոնա Խմելնիցկայան, Իրինա Բեզրուկովան եւ Ալիկա Սմեխովան։
Սյուժեն. հինգ անհավանական գեղեցիկ կանայք հուղարկավորության ժամանակ հրաժեշտ են տալիս հանգուցյալ Սիմոնին՝ հայտնի որմնադրին եւ լովելասին: Կորստի ցավը համախմբում է Սիմոնի կնոջն ու չորս սիրուհիներին, եւ նրանք որոշում են հիշողություններ փոխանակել հանգուցյալի մասին՝ կարոտով տրվելով այն ժամանակներին, երբ Սիմոնը սիրում էր նրանցից յուրաքանչյուրին։
Հումորով լի ռոմանտիկ դրաման հեգնանքով եւ քնարականությամբ նկարագրում է, թե ինչ մեծահոգի մարդ էր Սիմոնը։ Նա սիրում էր իր կնոջը՝ Մելանյային, բայց սիրում էր նաեւ Սիլվիային, Սոֆիային, Սուսաննային եւ Էլիզային։ Հաստատ, նրանք ավելի շատ են եղել, բայց պատմությունն այդ մասին լռում է։ Սիմոնի կանայք, իհարկե, գեղեցիկ են ու խելացի։ Յուրաքանչյուրը կատարյալ ընտրություն է՝ ե՛ւ լավ, ե՛ւ ծիծաղելի:
Փորձելով փոխանցել հայկական կոլորիտը՝ ֆիլմում ցուցադրվում են կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես է թակելով գորգ մաքրում, թթու դնում կինը, որն իր ուսերին է տանում ամբողջ տունը, իսկ անհոգ ամուսինը ճաշի արանքում խոսում է կյանքի մասին: Գեղեցիկ կանայք, որոնց անհնար է չսիրահարվել, ուսանողական արկածները, խորհրդային երիտասարդությունը. այս ամենը, իհարկե, ներկայացված է առավելագույն հումորային ձեւով եւ կյանքի տրագիկոմեդիաների հանդեպ քնքուշ ներողամտության շեշտադրմամբ։
Սերիալի ողջ ընթացքում հերոսուհիները միմյանց հետ փոխանակում են սիրառատ հիշողություններ եւ շուտով ընդհանուր լեզու են գտնում։ Մահացած Սիմոնը դառնում է իր սիրած կանանց հաշտարարը։ Կանայք հիշում են իրենց երիտասարդությունը, Սիմոնի հետ ծանոթությունը, սիրավեպը, ինչպես նաեւ դժվարություններն ու բաժանումները։ Ռոմանտիկան միախառնված է հումորի, իսկ գեղեցկությունը՝ տխրության հետ։
Սերիալում Սիմոնը ցուցադրվում է որպես բարեսիրտ կնամոլ՝ նրբանկատորեն ներկայացնելով ամուսնական դավաճանությունը որպես քաղցր ու զվարճալի բան։ Որոշ տեղերում այս նարատիվը սկսում է նյարդայնացնել, բայց ժանրի շրջանակներում դա միանգամայն սպասելի է։
Սերիալի գլխավոր առավելությունը դերասանական կազմն է։ Հետաքրքիր էսթետիկական փորձառություն է նայել, թե ինչպես են հինգ անհավանական գեղեցիկ կանայք նրբագեղ եւ նրբորեն տրտմում: Բայց չնայած հիանալի դերասանական կազմին՝ չպետք է մոռանալ, որ սերիալը արտադրել է Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը, եւ սա դրոշմ է, որն ուղեկցում է պրոդյուսեր եղբայրների բոլոր աշխատանքներին։
«Սիմոն»-ում հայտնի անդրեասյանական որակը անձնավորված է արտաքին կողմի նկատմամբ մեծ ուշադրության եւ ֆիլմի բովանդակության նկատմամբ մակերեսային վերաբերմունքի մեջ։ Մանրուքների մեջ երեւում է նաեւ բավական կանխատեսելի բուտաֆորիա՝ սկսած սովետական աշակերտուհու ձեռքերի գել-լաքից մինչեւ արհեստական ծաղիկներ, որոնք իբր շքեղություն պետք է ցուցադրեին, բայց միայն քաղքենիություն են ցուցադրում։
Զանգվածային դիտողի համար այս համակցումներն այնքան էլ կրիտիկական չեն թվա, ուստի սերիալը հեշտությամբ կարելի է համարել այնպիսին, որը դիտում են ձանձրույթից դրդված եւ զվարճանալու համար, բայց այն հազիվ թե ավելի մեծ ուշադրության արժանանա, քան տունը մաքրելիս որպես ֆոն միացնելը:
Ռեգինա Մելիքյան
0Comments