Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին շաբաթ օրը ներկայացրել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ստորգետնյա ռազմավարական բազան, հաղորդում է Tasnim-ը:
Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ գեներալ Սալամին ասել է, որ նոր համալիրը բազմաթիվ բազաներից մեկն է, որտեղ ռազմանավեր, հրթիռակիրներ և ականաարգելափակիչներ են տեղակայված:
Ըստ նրա, նոր ստորգետնյա քաղաքը «արտացոլում է ԻՀՊԿ ՌԾՈՒ նավատորմի պաշտպանական հզորության միայն մի փոքր մասը»։
Ընդգծելով ԻՀՊԿ ՌԾՈՒ գրոհային համակարգերի որակական և քանակային զգալի առաջընթացը՝ հրամանատարն ասել է, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ ռազմանավերը համաշխարհային օվկիանոսում օժտված են ծովագնացության մեծ հնարավորություններով և պատրաստ են պաշտպանել Իրանի կենսական շահերը։ Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զգալիորեն մեծացրել են իրենց նավերի հեռահարությունն ու արագությունը, ինչպես նաև իր ծովային հրթիռների հեռահարությունը, ճշգրտությունը և կործանարար ուժը։
Անցյալ շաբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ներկայացրել էին իրենց նորագույն ստորգետնյա «հրթիռային քաղաքը»: Այդտեղ պահվող զինամթերքի թվում են եղել «Էմադ», «Քադր» և «Քիամ» հրթիռները, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով:
0Comments