Ռուսաստանի «Սպեցնազը» Դաղստանում և Կարաչայ-Չերքեզիայում ծայրահեղականների երկու խմբավորում է չեզոքացվել

Մանրամասներ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում և Դաղստանում բացահայտել է «Աթ-Թաքիֆ Վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպության միջազգային ահաբեկիչների երկու կազմավորում, որոնք աշխարհիկ իշխանությունների տապալման և խալիֆայության ստեղծման կոչերով են հանդես եկել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հատուկ ծառայությունների հայտարարություններին։

«Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Մալոկարաչաևսկ շրջանում և Դաղստանի Մախաչկալա, Կասպիյսկ և Իզբերբաշ քաղաքներում կասեցվել է միջազգային «Աթ-Թաքիֆ Վալ-Հիջրա»  ծայրահեղական կրոնական միավորման՝ ընդհանուր ավելի քան 20 հոգուց բաղկացած երկու խմբի գործունեություն»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ 

ԱԴԾ տեղեկություններով՝ վերջիններս ծայրահեղական գաղափարախոսություն են քարոզել և կողմնակիցներ հավաքագրել։ 

«Հավատացյալներին կոչ են արել մերժել աշխարհիկ կանոններն ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում թեոկրատական իսլամական պետության-խալիֆայության ստեղծման քարոզչություն են ծավալել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հայտնի է, որ իսլամիստներից առգրավել են երեք նռնակ, Մակարովի երեք ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, որսորդական հրացան, սառը զենքեր, ինչպես նաև մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն: