Իրանը պատրաստ է Թրամփին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու տարաձայնությունները. Reuters

Մանրամասներ
Իրան

Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու երկու կողմերի միջև տարաձայնությունները։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «եթե Վաշինգտոնը ձգտում է համաձայնության գալ իրանական կողմի հետ, ամերիկյան վարչակազմը պետք է «հանդարտեցնի Իսրայելին»։

Հիշեցնենք, որ Թրամփը ստորագրել է Ազգային անվտանգության նախագահական հուշագիրը, որը վերականգնում է առավելագույն ճնշումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության նկատմամբ, մերժում է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու բոլոր ուղիները և հակազդում Իրանի վնասակար ազդեցությանը արտերկրում:

Թրամփը նշել է, որ երջանիկ չէ այս փաստաթուղթը ստորագել, սակայն այս հարցում մեծ ընտրություն չունի: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կփորձի հասկանալ՝ արդյոք հնարավոր է Իրանի հետ գործարք կնքել, որպեսզի բոլորը կարողանան միասին ապրել:

«Եվ գուցե դա հնարավոր է, գուցե՝ ոչ... Ամեն ինչ շատ պարզ է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, այդ թվում` Իրանի նկատմամբ կոշտ լինել, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - նշել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ Իրանը բավականին մոտ է միջուկային զենք ունենալու նպատակին:

Սրան ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թրամփն ապարդյուն անհանգստություն է հայտնում Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է հետևել Միջուկային զենքի չտարածման պայմանագրի սկզբունքներին։