Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր Թեհրանում տեղի է ունեցել հրաձգություն Գերագույն դատարանի շենքում, որի հետևանքով սպանվել է Իրանում հայտնի երկու դատավոր:
Իրանում, իհարկե, տեղի են ունեցել ավելի ողբերգական իրադարձություններ, ահաբեկչություններ կամ սպանություններ, որոնցում հաճախ դիտարկվել է արտաքին ձեռք: Վերջին աղմկոտը, օրինակ, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալությունից ընդամենը ժամեր անց ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունն էր Թեհրանի իր հյուրանոցային կեցավայրում, որը ժամանել էր երդմնակալությանը մասնակցելու համար:
Այսօր տեղի ունեցածն ահաբեկչությո՞ւն է, թե՞ այլ մոտիվներ կան, դեռ մանրամասներ շատ հայտնի չեն, սակայն միանգամից ուշադրություն է գրավում այն, որ աղմկոտ այդ միջադեպը գրանցվում է Մոսկվայում ռուս-իրանական ռազմավարական համապարփակ գործընկերության պայմանագրի ստորագրումից մեկ օր անց:
Ընդ որում, այդ առնչությամբ արժե նկատել նաև, որ պայմանագիրը իր մեջ ներառում է նաև ներքին իրավիճակներին առնչվող դրույթ: Մասնավորապես, դրանում նշվում է, որ պայմանագրի կողմերը ապահովում են փոխգործակցություն հասարակական կարգի պահպանության և հանրային անվտանգության, ինչպես նաեւ կարևոր պետական օբյեկտների պահպանության և զենքի շրջանառության հանդեպ պետական վերահսկողության հարցում:
Ըստ էության, այս դրույթը թերևս հենց «այն մասին» է, ինչ, օրինակ տեղի է ունեցել Իրանի Գերագույն դատարանում:
Ընդհանրապես, շատ է խոսվում Իրանի ներքին խոցելիության մասին: Եվ իհարկե այդ առնչությամբ կան ոչ միայն խոսակցություններ, այլ նաև որոշակի պարբերականությամբ բռնկվող օրինակներ:
Ի՞նչ է նշանակում ռուս-իրանական պայմանագրում վերը նշածս դրույթն ու դրա շուրջ փոխգործակցությունը: Ի՞նչ մեխանիզմներ են այդտեղ դիտարկվում: Արդյո՞ք «պետական օբյեկտների պահպանության» թեման այն մասին է, որ Ռուսաստանը որոշակի դեր ստանձնի Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության հարցում, այդ թվում գուցե միջուկային սպառազինության պահպանության օբյեկտների:
Իսկ, ընդհանրապես արդյո՞ք Իրանը Մոսկվային կներգրավի, այսպես ասած, ներքին անվտանգության բարձրացման հարցերում»:
0Comments