ՀՀ–ում անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեցին մինչև 2025 թ. դեկտեմբերի 30–ը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ըստ նրա` 2022 թ. հուլիսից, այսինքն` այս ծրագրի մեկնարկից գործարքների ու շահառուների թիվը յուրաքանչյուր ամիս արձանագրել է ավելի բարձր ցուցանիշ։
Նա նշեց, որ անկանխիկի ընդհանուր ծավալը զրոյական մակարդակից հասել է 171.7 մլրդ դրամի, և ավելի քան 2 տարում վերադարձվել է 15.2 մլրդ դրամ։
Մկրտչյանի խոսքով` շահառուների թիվը ծրագրի մեկնարկի պահին 16 հազար էր, 2024 թ. նոյեմբերին՝ արդեն 278 հազար։
«Ակնկալում ենք, որ 2024 թ. դեկտեմբեր և 2025 թ. հունվար ամիսներին կհատենք 300 հազարի շեմը։ Մեկ շահառու գծով հաշվարկված հետվճարի միջին ամսական գումարը 2022 թ. դեկտեմբերին կազմել է 3 379 դրամ, 2024 թ. նոյեմբերին՝ 4 190 դրամ»,– հայտարարեց նախարարը։
Նա ընդգծեց, որ 2024 թ. նոյեմբեր ամսվա տվյալներով` շահառուների ավելի քան 48 տոկոսն իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի` անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները և նպաստառուները 10 տոկոսի փոխարեն ունեցան 12 տոկոսի հետվճար։ Առավելագույն հետվճարի չափը ևս փոխվեց` 5000 դրամից դառնալով 6000 դրամ։
0Comments