Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը մասնակցության միջև, այս երկու կազմակերպությունները «անհամատեղելի» են՝ հաշվի առնելով իրենց տարածքում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառությունը, կառավարության մամուլի ծառայության միջոցով հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Интерфакс-ը։
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ պահի կմիավորվեն։ Ուստի Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ»,- ասաց նա։
ՌԴ փոխվարչապետի խոսքով, «եթե այս օրինագիծը մշակողները լիովին ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների նկատմամբ, ապա կարող էին անմիջապես այն լրացնել հոդվածով, որտեղ կասվեր, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից»։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։
«Այսպիսով, հասարակ մարդիկ կկորցնեն եկամուտը, կկորցնեն աշխատանքը և ավելի շատ կվճարեն առաջին անհրաժեշտության ապրանքների համար: Դրա դիմաց նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան առանց վիզայի ռեժիմ, իսկ Հայաստանը կստանա դեպոպուլյացիա։ «Այժմ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է», – նշել է Օվերչուկը՝ ԵՄ-ին անդամակցելը համեմատելով «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ հաշվի առնելով կազմակերպության տնտեսական և սոցիալական խնդիրները։
0Comments