ՀՀ-ն կարող է զրկվել պետականությունից․ ՌԴ պետդումա

Մանրամասներ
ռդ

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը կարող է երկրի համար վերածվել պետականության և տարածքների կորստի։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը։

Նա համոզված է, որ Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի հետ ստեղծված դաշինքներին ավելի շահավետ է և ավելի կարևոր, քան ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները․

«Հայաստանի վրա ճնշում գործադրելով՝ Արևմուտքը կոնկրետ գործողություններ պահանջեց՝ աստիճանաբար խզել Երևանի և Մոսկվայի կապերը։ Արդյունքում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց եվրաինտեգրման մասին համապատասխան օրինագծին։ Եվ դա ավելի շատ քաղաքականություն է, քան իրական անհրաժեշտություն հենց Հայաստանի համար։ Պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես Արեւմուտքի խոստացած մտացածին բարիքների դիմաց նրան հավատացած երկրները ոչ միայն ձեռք չեն բերել, այլեւ զրկվել են եղածից՝ ընդհուպ մինչեւ պետականության ու տարածքների կորուստ։ Ի դեպ, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը կարող է տարիներով ձգվել, եւ Հայաստանն իր տեղը կզբաղեցնի նույն թեկնածու երկրներից կազմված հերթում», - ասել է Բելիկը։ 

Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Երևանը պետք է ընտրի՝ մնալ Եվրասիական կազմակերպություններում և միավորումներում, թե հետևել ԵՄ-ին․

«Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցությունն այնպիսի միավորումներին, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԵՏՄ-ն (Եվրասիական տնտեսական միություն), Հայաստանի համար և անվտանգության, և տնտեսական բաղադրիչի տեսանկյունից շատ ավելի շահեկան և կարևոր են, քան ԵՄ-ին անդամակցելու լղոզված հեռանկարը։ Ակնհայտը խոստովանելը կամ Արևմուտքի օգնության հույսերով քծնվելը Երևանի որոշումն է։ Եվ թող ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն առայժմ ցուցադրաբար սառեցվեն, բայց Երեւանն, այնուամենայնիվ, չի լքել այդ միությունը։ Իսկ ԵՄ անդամ դառնալու համար Հայաստանը պետք է լքի մյուս բոլոր կառույցները։ Սակայն արեւմտյան գործընկերների վրա խաղադրույքները կարող են չարդարացնել Հայաստանի սպասելիքները, բայց եթե երկիրն այնուամենայնիվ որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու մասին, ապա դա կլինի բացառապես նրա պատասխանատվությունը», - ընդգծել է Բելիկը։

Ավելի վաղ Պետդումայում հայտարարել էին, որ Հայաստանը Եվրամիությունում ոչ մեկին պետք չէ։