Քանի՞ «Opel» կա Հայաստանում. Տիգրան Ավինյանի հոր սկանդալային արտահայտության հետքերով

Մանրամասներ
օպել

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ հաշվառված է շուրջ 100 000 «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման` այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։

«Համաձայն ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների` ՀՀ–ում գրանցված, հաշվառված է «Opel» մակնիշի թվով 98 914 տրանսպորտային միջոց»,– հայտնեցին ՆԳՆ–ից։

Դրանցից 25 473–ը մայրաքաղաք Երևանի հաշվեկշռում են։

Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ ներողություն էր խնդրում հոր պահվածքի համար։