Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնացել. Ամեն տեղ էլ ուղեվարձը բարձր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը եւ հանրային դժգոհություններին:
«Մեր մոտ «Գազելների» ժամանակ 100 դրամ էր, բայց հիմա տեսնում եք ինչ ձևի տրանսպորտ ենք ձեռք բերել, որ մարդն արդեն չի կռանում, կոնդիցիոներն աշխատում է, փեչերն աշխատում են: Ամբողջ Եվրոպան օգտվում է այդ տեսակի տրանսպորտից, այս նոր ավտոբուսները տեսնում ես, անկախ քեզանից հպարտանում ես։
Առաջ «Գազելների» քաղաք էր Երևանը, հիմա արդեն դարձել է նորմալ ժամանակակից ավտոբուսների քաղաք: Այդ տրանսպորտն էլ իր գինը ունի։ Փող է պետք, որ այդ ավտոբուսները կարողանանք ձեռք բերել»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ եթե մարդը օրական չորս անգամ օգտվում է ավտոբուսից, իր ամսական ուղեվարձը դառնում է մոտավորապես 80-90 դրամ։
«Ուղղակի պետք է ճիշտ բացատրեն, որպեսզի ժողովուրդը ճիշտ հասկանա։ Եթե մարդ օգտվում է 2-3 անգամ ավտոբուսից, կամ օգտվում են դրսի մարդիկ, տուրիստները, եթե տուրիստը Մոսկվայից եկել է այստեղ, նստում է ավտոբուս, ինքը կարող է 500 դրամ էլ տալ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ քաղաքպետը սկզբում ասում էր, որ սակագինը չի կարող նվազեցվել, սակայն վերջին օրով 300 դրամը դարձրեցին 150 դրամ, ինչը նշանակում է, որ իշխանությունը ոչ մի հաշվարկ չունի, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Այստեղ կա սուբսիդավորման խնդիր: Այնպես չի, որ այդ 150 դրամով ինքը կկարողանա լրիվ խնդիրները լուծել։ Չէ՞, որ 150 դրամ տալիս է այն մարդը, որ ասենք առաջ պիտի 300 տար, հիմա իջեցրեցին 150 դրամ: Բայց փաթեթները մնում են, որ եթե մարդը հաճախ է օգտվում տրանսպորտից, իր վրա ուղեվարձը 100 դրամից էլ պակաս է նստում»,- ընդգծեց ՔՊ-ական պատգմավորը:
Ինչ վերաբերում է նրան, որ մի կողմից թանկացնում են տրանսպորտը, աղբահանությունը, բարձրացնում են գույքահարկը, մյուս կողմից մարդիկ տեսնում են, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 20 մլն դրամանոց տոմսով գնում է ԱՄՆ, 650 հազար դոլարանոց առանձնատուն է գնում, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Եկեք սեփական բուրդը պետական բուրդի հետ չառնենք: Ինքը ինչ է առնում, ինչ չի առնում, ինքը դրա պատասխանները ունի, դա իր անձնականն է։ Մենք խոսում ենք տրանսպորտի մասին և այդ բարեփոխումները, որ կատարվում են, մեր ժողովրդի համար են կատարվում։ Դա Ավինյանի հոր համար չէ, կամ այն մնացածի հոր համար չէ, այս ժողովրդի համար է»,-ասաց նա:
0Comments