Տրանսպորտի խնդիրը, ինձ թվում է՝ մոտ ապագայում կլուծվի, այսինքն տրանսպորտային պարկը լրիվ կհամալրվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ թեեւ տրանսպորտը թանկացել է, բայց խցանումը չի վերացել, մարդիկ էլի խցկված են երթեւեկում:
«Ինչ վերաբերում է խցանումներին, հիմա տեսեք ահագին պողոտաներ կան, որ ավտոբուսների գիծը առանձնացրել են, որ ավտոբուսները գոնե կարողանան անխոչնդոտ երթևեկել։ Կամաց-կամաց գնալու են դրան, որ սեփական ավտո ունեցողը ձգտի դեպի ավտոբուսը, որովհետև ավտոբուսով ինքը ավելի շուտ կհասնի գործի, քան խցանումների մեջ մնալով»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Երեւանի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն չէր ասում, որ գալու են թանկացնեն ամեն բան, պատգամավորն ասաց. «Դա ոչ թե միտումնավոր խաբել են, այլ կյանքն է այդպես թելադրում: Եթե ուզում ես լավ ավտոբուս նստես, ուրեմն պիտի թանկ վճարես, եթե ուզում ես «Գազել» նստես, 100 դրամը կտաս, կնստես: Հիմա ո՞րն է լավ: «Գազել» նստում էին, ոնց որ շախմատի ձի դառնար մարդը, կզած էին գնում:
Այո, դեռ ավտոբուսների քանակը չի բավարարում: Բազմիցս քաղաքային ղեկավարությունը ասել է, որ այսքան քանակի տրանսպորտի դեպքում նոր մենք կարող ենք լիարժեք ապահովել ժամային գրաֆիկը և մնացած ամեն ինչը։ Դեռ ահագին ճանապարհ կա, որ անցնենք»:
0Comments