«Վերջերս խոսել եմ Ստեփանակերտի հետ, նրանք վստահ են, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո ադրբեջանցիները կարող են ամեն օր գալ Արցախ, և դա կլինի նոր 1915թ: Եթե դա տեղի ունենա, ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը»,- ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին հարց հղեց ռուս լրագրող Յան Շենկմանը:
- Դեկտեմբերի սկզբից Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում ասում է, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումների ծրագրեր ունի։ Տեսնենք, թե ով կարողություն ունի դրանք կանխելու։ Նախ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, 2020 թվականի պայմանագրերով նրանք պարտավոր են դա անել։
-Բայց չեն անում: Նրանք հանձնում են այն ամենը, ինչ կարող են:
- Դուք հասկանում եք իրավիճակի ողբերգությունը. ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, և մարդիկ խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Նրանք փրկվելու հույս չունեն։ Երկրորդ հնարավորությունը միջազգային հանրությունն է։ Հայաստանը երկար ժամանակ լոբբինգ է անում՝ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Ղարաբաղ։ Գոնե՝ դիտորդական։
— Այստեղ մի նրբություն կա. Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է։ Իսկ միջազգային հանրությունը խիստ թերահավատորեն է վերաբերվում չճանաչված հանրապետություններին։ Դրա համար նրանք տեր չեն կանգնում Ղարաբաղին։
-Չճանաչված է, բայց միջազգային հանրությունը պարտավոր է կանխել ցեղասպանությունը, որտեղ էլ որ դա լինի:
-Դու ինքդ այնտեղից ես սերում՝ Մարտունուց։ Ճի՞շտ է, որ Ղարաբաղը ռուսամետ տարածաշրջան է։
-Մինչ վերջերս՝ էր։ Հիմա հանգամանքների ազդեցության տակ տրամադրությունը փոխվել է։ Սա շատ հետաքրքիր թեմա է։ Նման քաղաքական դիսկուրս կա. Ռուսաստանը սկսեց ավելի վատ վերաբերվել Հայաստանին, քանի որ հեղափոխությունից հետո իշխանության եկավ արևմտամետ թիմը։ Մարդիկ լրջորեն հավատում են դրան։
Եկեք միասին մտածենք. Ռուսաստանի նման հսկայական երկիրը կարո՞ղ է փոխել իր աշխարհաքաղաքական ծրագրերը և վերակառուցել իր ռազմավարությունը Հայաստանի ղեկավարության փոփոխությունների պատճառով:
Մեկ 5-10 հոգու փոխարեն հայտնվեց մի 5-10 հոգի, ու Մոսկվան նեղացա՞վ։ Սա, իմ կարծիքով, աբսուրդ է։
- Բայց Ուկրաինայի հետ հենց այդպես էր։ Երբ ուկրաինացիներն ընտրեցին ոչ այն մարդուն, ում Պուտինն էր ուզում, սկսվեց հակամարտություն, որն ավարտվեց պատերազմով։
-Անշուշտ, այդպես չէ: Մեղադրանքներ հնչեցին նաև ՆԱՏՕ-ի հետ մերձեցման, ազգայնականության, հակառուսական տրամադրությունների համար։ Ռուսաստանը համարում էր, որ Ուկրաինան դուրս է գալիս իր ազդեցության գոտուց։ Բայց Հայաստանը ոչ մի տեղ չգնաց: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հեղափոխությունը չի ազդի արտաքին քաղաքականության վրա։ Այնուամենայնիվ, վերաբերմունքը փոխվել է։
-Իսկ հիմա անդրադառնանք Ղարաբաղին:
-Անդրադառնանք: Լեռնային Ղարաբաղում արևմտամետ տրամադրություններ չկան: Սորոս չկա: ՆԱՏՕ-ի փոխարեն՝ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտ: Եվ, այնուամենայնիվ, ի հայտ եկան հակառուսական տրամադրություններ։ Կարծում եք՝ ինչո՞ւ։ Բուն Ռուսաստանի պատճառով, ոչ թե Արևմուտքի։ Ռուսաստանն ինքն է ձևավորում իր նկատմամբ վերաբերմունքը։
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ են հետապնդում Ղարաբաղում։ Վարկածներից մեկը՝ ուզում են Ալիևին օգնել Զանգեզուրի միջանցքը ճեղքել դեպի թուրքական կողմ։ Ռուսական գազը ադրբեջանական գազի քողի տակ անցնելու է այս միջանցքով՝ շրջանցելով պատժամիջոցները։
-Բայց սա արդեն տեղի է ունենում, գազն արդեն հոսում է առկա ենթակառուցվածքների շրջանակներում։ Չեմ կարծում, որ խնդիրը դա է, կամ գոնե՝ ոչ միայն դա: Ամեն դեպքում, Հայաստանը երբեք չի համաձայնի իր տարածքով արտատարածքային միջանցքի։ Մեզ համար սա կարմիր գիծ է։
-Իսկ եթե՝ պատերազմ:
-Այդ դեպքում՝ պատերազմ: Պատերազմ, ուրեմն պատերազմ:
0Comments