Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը։
Նախկին պաշտոնյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։
Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։
Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018 թ․-ին մի քանի պատճառով կասեցվել էր շինարարությունը, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։
Գագիկ Ծառուկյանն ու իր գործընկերները «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Կոմպինսկի» հյուրանոցի կառուցման մասին 2019 թ․-ին քննարկում էին ունեցել, որի վերաբերյալ պատրաստված տեսանյութում ներկայացվում է հյուրանոցի էսքիզը։
0Comments